Մալթայում չորեքշաբթի մեկնարկել է գործարար Յորգեն Ֆենեկի դատավարությունը, որը մեղադրվում է հետաքննող լրագրող Դաֆնա Կարուանա Գալիցիայի սպանությունը կազմակերպելու մեջ, գրում է The Guardian-ը։

Գործընթացը սկսվել է Եվրոպան ցնցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով նրա մահից ավելի քան ինը տարի անց։

խոշոր կառուցապատող կայսրության ժառանգորդն Ֆենեկը գործով անցնող յոթ մեղադրյալներից վերջինն է, որը կանգնում է դատարանի առջև։ Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանությանը մեղսակցության, ինչպես նաև Մալթայի տարածքում հանցագործություն կատարելու նպատակով հանցավոր համաձայնությանը մասնակցելու համար։ Նա հերքում է իր մեղքը։

Գլխավոր դատախազությունը սպանության մեղադրանքով պահանջում է ցմահ ազատազրկում, իսկ երկրորդ մեղադրանքով՝ 20-30 տարվա ազատազրկում։ Չորեքշաբթի երկրի մայրաքաղաք Վալետայում երդվյալ ատենակալների կազմը երդում է տվել։

Ավելի վաղ այս գործով դատապարտվել էր հինգ մարդ, իսկ ևս մեկը ներում էր ստացել քննչական մարմինների հետ համագործակցության դիմաց։ Նրանց թվում են սպանության կազմակերպման հետ առնչություն ունեցող կատարողներն ու միջնորդները։

Դաֆնա Կարուանա Գալիցիան զոհվել է 2017 թվականի հոկտեմբերին՝ խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ անց, որոնցում նրա հետաքննությունները զգալի դեր էին խաղացել։ Նա երկրի քաղաքական և գործարար վերնախավի մասին նյութեր հրապարակող հայտնի լրագրող էր, բլոգեր և մեկնաբան։ Հետագա հանրային հետաքննությունը հանգել էր այն եզրակացության, որ պետական կառույցները թույլ են տվել անպատժելիության մթնոլորտի ձևավորում, ինչն էլ նպաստել է հանցագործության կատարմանը։

Ըստ գործի նյութերի՝ պայթուցիկ սարքը տեղադրվել էր ավտոմեքենայի վարորդի նստատեղի տակ։ Այն քողարկված է եղել տուփի մեջ, իսկ զոհին մի քանի շաբաթ շարունակ հետևել են։ Քննությունը պնդում է, որ կատարողները սպանության համար մոտ 150 հազար եվրո են ստացել:

Մեղադրանքի վճռորոշ վկան միջնորդն է, որը պնդում է, թե հենց Ֆենեկն է պատվիրել և վճարել սպանության համար։ Պաշտպանական կողմը նրա ցուցմունքներն անվանում է իրարամերժ ու անարժանահավատ և պահանջում է տրամադրել բնօրինակ ձայնագրությունները, որոնց վրա հիմնված են մեղադրանքները։

2019 թվականին նրա ձերբակալությունից հետո գործը քաղաքական ճգնաժամ առաջացրեց Մալթայում, ինչը հանգեցրեց այն ժամանակվա վարչապետ Ջոզեֆ Մուսկատի հրաժարականին։

Ֆենեկը գրավի դիմաց ազատ էր արձակվել 2025 թվականին՝ երկարատև նախնական կալանքից հետո, սակայն նրա դատավարությունը շարունակվում է։ Նրա պաշտպանությունը հայտարարում է, որ լրատվամիջոցներով գործի լայն լուսաբանումը կարող էր ազդել արդար դատաքննության հնարավորության վրա։

Նշենք, որ Դաֆնա Կարուանա Գալիցիան հայտնի էր այսպես կոչված «Պանամական արխիվի» և դրանում երկրի վարչապետի ներգրավվածության վերաբերյալ իր լրագրողական հետաքննություններով։ Նա գրում էր նաև Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի մասնակցությամբ օֆշորային սկանդալում Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի դերի մասին։

Source: https://news.am/hy/news/1047196