Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իր Լեյբորիստական կուսակցության անընդմեջ չորրորդ հաղթանակի մասին՝ արդյունքը բնութագրելով որպես ընտրողներից ստացված «հզոր մանդատ», հաղորդում է Reuters-ը։

«Սա ողջ ժողովրդի հաղթանակն է՝ հիմնված այն ծրագրի վրա, որը մենք ներկայացրել ենք բոլորի համար», — նախնական արդյունքների ամփոփումից հետո լրագրողներին է ասել Աբելան։

Նա ընդգծել է, որ կուսակցությունը ստացել է վստահ մեծամասնություն խորհրդարանում, թեև լրագրողների գնահատմամբ դրա չափը կարող է փոքր-ինչ պակաս լինել, քան 2022 թվականի ընտրություններում, երբ Լեյբորիստական կուսակցությունը հավաքել էր ձայների մոտ 55%-ը։

«Եկեք պահպանենք ազգային միասնության ոգին և միասին առաջ տանենք երկիրը», — հավելել է նա։

Ընդդիմադիր Ազգայնական կուսակցությունը ընդունել է պարտությունը։ Նրա գլխավոր քարտուղար Չարլզ Բոնելոն պետական TVM հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ, չնայած լեյբորիստների հաղթանակին, ընդդիմությանը հաջողվել է կրճատել նրանց առավելությունը։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 87,4%, ինչը փոքր-ինչ բարձր է, քան 2022 թվականի նախորդ ընտրություններում։ Լեյբորիստական կուսակցությունն իր քարոզարշավում շեշտը դրել էր տնտեսական աճի և կառավարման փորձի վրա, մինչդեռ ընդդիմությունը քննադատում էր կյանքի որակի անկումը՝ չնայած ԵՄ ամենափոքր երկրում արձանագրվող դրական մակրոտնտեսական ցուցանիշներին։

Source: https://news.am/hy/news/1039782