Մալին և Ալժիրը վերականգնել են դիվանագիտական հարաբերություններն ավելի քան մեկ տարվա լարվածությունից հետո, որն առաջացել էր խոցված անօդաչու թռչող սարքի շուրջ վեճի և անվտանգության հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով, հաղորդել է Associated Press-ը։

Մալիի ռազմական կառավարությունը հայտարարել է Բամակո Ալժիրի դեսպանի վերադարձի և երկրի օդային տարածքը բացելու մասին՝ Ալժիր մեկնող կամ այնտեղից ժամանող բոլոր քաղաքացիական և ռազմական ինքնաթիռների համար։

Ալժիրյան լրատվամիջոցները ևս հաստատել են երկու երկրների միջև դիվանագիտական կապերի վերականգնումը։

Ճգնաժամը սկսվել է 2025 թվականի ապրիլին, երբ Ալժիրը հայտարարեց, որ իր զինված ուժերն ընդհանուր սահմանի մոտ խոցել են մալիական անօդաչու թռչող սարք։ Ալժիրը մեղադրել է Մալիին օդային տարածքը խախտելու մեջ, սակայն Մալիի իշխանությունները մերժել են այդ մեղադրանքները։ Միջադեպից հետո երկու երկրներն էլ հետ են կանչել իրենց դեսպաններին և փակել օդային տարածքը։

Երկու պետությունների միջև հարաբերությունները վատթարանում էին դեռ ավելի վաղ՝ այն բանից հետո, երբ Մալիի ռազմական խունտան հրաժարվեց 2015 թվականի խաղաղության համաձայնագրից «Ազավադ» շարժման անջատականների հետ, որը կնքվել էր Ալժիրի միջնորդությամբ։

Մալիի հյուսիսում անջատական խմբավորումները երկար տարիներ ձգտում են ստեղծել անկախ Ազավադ պետություն։ Տարածաշրջանում հակամարտությունը շարունակվում է ավելի քան տասը տարի և բարդանում է «Ալ-Քաիդայի» հետ կապված զինված խմբավորումների ակտիվությամբ։

Մալիի իշխանությունները նախկինում մեղադրել էին Ալժիրին որոշ ապստամբ ուժերի աջակցելու մեջ, սակայն Ալժիրը հերքում է այդ հայտարարությունները։

Զուգահեռ՝ Մալիի զինվորականները հայտնել են երկրի հյուսիսում գտնվող ռազմավարական Անեֆիս բազայի շուրջ շրջափակման ճեղքման մասին՝ «Ազավադի» ազատագրման ճակատի անջատականների հետ բախումներից հետո։ Մարտերում Մալիի բանակին աջակցություն են ցուցաբերել ռուսական Africa Corps-ի դաշնակիցները և տեղի զինված կազմավորումները։

Source: https://news.am/hy/news/1049290