Չնայած Իսրայելի առարկություններին, Միավորված ազգերի կազմակերպությունը ձգտում է պահպանել միջազգային ռազմական ներկայությունը Լիբանանի հարավում՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) մանդատի ժամկետի ավարտից հետո, որը լրանում է ընթացիկ տարվա վերջին։ Դրա մասին հայտնում է իսրայելական 12-րդ ալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, Ֆրանսիայի աջակցությամբ, ձգտում է շուրջ 5 հազար զինծառայողից և 500 ռազմական դիտորդից բաղկացած նոր միջազգային առաքելությունը արժանացնել ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը։ Ենթադրվում է, որ այն վերահսկելու է իրավիճակը Լիբանանի հարավում։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, նախաձեռնությունը կապված է Փարիզի դժգոհության հետ, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության գործում առանցքային դերակատարում ունեն Միացյալ Նահանգները, այնինչ Ֆրանսիան փաստացիորեն մեկուսացվել է բանակցային գործընթացից։
Իսրայելն իր հերթին դեմ է արտահայտվում միջազգային ռազմական զորախմբի պահպանմանը։ Երկրի իշխանությունները համարում են, որ UNIFIL առաքելությունը չի կարողացել կանխել «Հըզբոլլահի» ռազմական ներուժի հզորացումը և չի կատարել իր վրա դրված խնդիրները։ Իսրայելական ղեկավարության հեռուստաալիքի աղբյուրը հայտարարել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը «ընդունակ չեն ապահովել զսպում կամ նվազեցնել լարվածության սրման մակարդակը պատերազմի ժամանակ»։
Source: https://news.am/hy/news/1046972