ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով անկախ քննիչները Թրամփի վարչակազմին կոչ են արել անհապաղ դադարեցնել Կուբայի ինքնիշխանությանն ուղղված ցանկացած սպառնալիք և չեղարկել «միջազգային իրավունքի խախտմամբ ընդունված» պատժամիջոցները։
Փորձագետները նշել են, որ սպառնալիքների և ճնշումների միջոցով Կուբայի «սահմանադրական կարգը» փոխելու փորձերը «գաղութատիրական դարաշրջանի գործելակերպի արձագանք են»։
Նրանց խոսքով՝ մարտին Թրամփի «Դոնրոյի դոկտրինի» (Donroe Doctrine) հռչակումը, որը հաստատում է ԱՄՆ գերիշխանությունն Արևմտյան կիսագնդում, «լուրջ տագնապ» է առաջացրել։ Նրանք ընդգծել են նաև, որ «Կուբան գրավելու պատվի» մասին նրա հայտարարություններն արտացոլում են այդ պետության նկատմամբ «հարկադրանքի խորապես մտահոգիչ ռազմավարությունը»։
Ժողովրդավարության, պատժամիջոցների բացասական ազդեցության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի փորձագետները մատնանշել են նաև ամերիկյան բազմամյա էմբարգոն և Կուբայի վառելիքային վերջին շրջափակումը։
Նրանք Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին վերջերս ԱՄՆ իշխանությունների առաջադրած մեղադրանքներն անվանել են «ներքին դատական գործընթացի չարաշահում» և «հարկադրական արտաքին քաղաքականության գործիք»։ Բացի դրանից, USS Nimitz ավիակրի ժամանումը Կարիբյան ավազանի հարավային մաս փորձագետները բնութագրել են որպես «ապօրինի ճնշման» ևս մեկ տարր։
Source: https://news.am/hy/news/1040727