ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում ռազմական էսկալացիայի նոր փուլի կապակցությամբ և ԱՄՆ-ին ու Իրանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով։

X սոցիալական ցանցում հրապարակած հայտարարության մեջ ՄԱԿ-ի ղեկավարը նշել է, որ մտահոգված է «տարածաշրջանում լուրջ էսկալացիայով և ռազմական բախումների վերսկսմամբ», ներառյալ Իրանի հարձակումները Հորմուզի նեղուցում նավերի վրա, ԱՄՆ-ի հարվածները Իրանի տարածքին և հարևան երկրներում թիրախների դեմ Թեհրանի պատասխան գործողությունները։

«Այս բոլոր հարձակումները պետք է դադարեցվեն», — գրել է Գուտերեշը X սոցցանցում։

Նա նախազգուշացրել է, որ լայնածավալ ռազմական գործողություններին վերադարձը կարող է աղետալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի բնակիչների, միջազգային խաղաղության և անվտանգության, ինչպես նաև համաշխարհային տնտեսության համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել շտապ վերսկսել բանակցությունները և մնացած վիճահարույց հարցերը լուծել բացառապես դիվանագիտական ճանապարհով։

Source: https://news.am/hy/news/1049428