Աշխարհում ուղիղ օտարերկրյա ներդրումների (ՈՒՕՆ) ծավալը 2025 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 6%-ով և հասել 1,6 տրլն դոլարի։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (ՅՈՒՆԿՏԱԴ)՝ համաշխարհային ներդրումների միտումների վերաբերյալ տարեկան զեկույցում։
Կազմակերպության գնահատմամբ՝ զարգացած տնտեսություններում ներդրումների ներհոսքն աճել է 11%-ով, մինչդեռ զարգացող երկրներում՝ ընդամենը 2%-ով։ Նշվում է, որ ներդրումային ակտիվության աճը հիմնականում ապահովվել է մի քանի խոշոր նախագծերի հաշվին, առաջին հերթին՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Ներդրումների զգալի ծավալներ ուղղվել են նաև կիսահաղորդիչների արտադրությանը, նավթագազային հատվածին և ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հետ կապված նախագծերին։
ՅՈՒՆԿՏԱԴ-ի փորձագետները պարզաբանում են, որ մյուս ոլորտների մեծ մասում ներդրումային ակտիվությունը պահպանվել է զուսպ մակարդակում։ Զեկույցի եզրակացությունների համաձայն՝ համաշխարհային ներդրումային հոսքերի վերականգնումը «մնում է անկայուն» և ուղեկցվում է դրանց կենտրոնացման աճով՝ ըստ երկրների և տնտեսության հատվածների։ Կազմակերպությունում զգուշացնում են, որ 2026 թվականի ներդրումային հեռանկարները մթագնվում են համաշխարհային առևտրում պահպանվող անորոշությամբ, աշխարհաքաղաքական լարվածությամբ, հակամարտություններով և ֆինանսավորման բարձր արժեքով։
Source: https://news.am/hy/news/1048363