Գերմանիայում հունիսին խեղդվել է 99 մարդ, ինչը ավելի քան 20 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Գերմանիայի փրկարարների ֆեդերացիայի (DLRG) տվյալներին։

Կազմակերպության տվյալներով, զոհվածների մեծ մասը երիտասարդ տղամարդիկ են։ Զոհերի ավելի քան 90%-ը տղամարդիկ են, ընդ որում՝ առնվազն 40 զոհված 30 տարեկանից փոքր են եղել։ Հունիսին Գերմանիայի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 41,7°C-ի, ինչը հանգեցրել է գետերի, լճերի և այլ ջրամբարների զանգվածային այցելությունների։

DLRG-ում նշել են, որ խեղդվածների այսքան բարձր թիվ չէր գրանցվել 2003 թվականի ամառվանից ի վեր, երբ ուժեղ շոգի ժամանակ զոհվել էր 107 մարդ։

Ծայրահեղ շոգն ազդել է Եվրոպայի բազմաթիվ երկրների վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամռան սկզբից տարածաշրջանում զոհվել է ավելի քան 1,3 հազար մարդ։ Ֆրանսիայում, սպորտի նախարար Մարինա Ֆերարին նշել է, որ հունիսի 19-ից խեղդվել է 131 մարդ։

Անցյալ շաբաթ Ռոբերտ Կոխի ինստիտուտը հայտնել էր, որ Գերմանիայում տարվա սկզբից գրանցվել է շոգի հետ կապված առնվազն 5 120 մահ, ընդ որում զոհվածների մեծ մասը 75 տարեկանից բարձր մարդիկ են։

Ֆրանսիայում շարունակվում է մայիսից ի վեր երրորդ շոգի ալիքը։ Բարձր ջերմաստիճանի պատճառով սովորականից շուտ են փակվում Էյֆելյան աշտարակը, Լուվրը և Օրսեի թանգարանը, իսկ «Տուր դե Ֆրանսի» կազմակերպիչները պատմության մեջ առաջին անգամ կրճատել են մրցավազքի փուլերից մեկի տարածությունը։ Շատ քաղաքներում նաև չեղարկվել են Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնական հրավառությունները՝ անտառային հրդեհների բարձր վտանգի պատճառով։

Միևնույն ժամանակ Իսպանիայում հաջողվել է մեկուսացնել Ալմերիա նահանգում բռնկված խոշոր անտառային հրդեհը, որի զոհ է դարձել առնվազն 12 մարդ։ Սկսվել է բնակիչների փուլային վերադարձը իրենց տներ։

Source: https://news.am/hy/news/1049405