Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Բուլղարիայի երկրորդ տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս և Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոս, գեներալ-մայոր Ալեքսանդր Ալեքսանդրովի մահվան մասին։ Նա կյանքից հեռացել է հուլիսի 10-ին՝ 74 տարեկան հասակում։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ Ալեքսանդրովի մասնագիտական գործունեությունը սերտորեն կապված է եղել ավիացիայի, տիեզերագնացության և հիմնարար գիտության ոլորտներում Բուլղարիայի և ԽՍՀՄ-ի միջև համագործակցության զարգացման հետ։

Ալեքսանդր Ալեքսանդրովը 1977 թվականին ընտրվել է Խորհրդային Միության կողմից իրականացվող «Ինտերկոսմոս» միջազգային տիեզերական ծրագրին մասնակցելու համար։ 1979 թվականին, «Սոյուզ-33» տիեզերանավով խորհրդա-բուլղարական թռիչքի նախապատրաստման ժամանակ, եղել է Բուլղարիայի առաջին տիեզերագնաց Գեորգի Իվանովի փոխարինողը։

Ալեքսանդրովն ավարտել է Մոսկվայում ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ պաշտպանել է ատենախոսություն և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1988 թվականի հունիսին նա կատարել է իր առաջին և միակ տիեզերական թռիչքը՝ լինելով անձնակազմի անդամ, որի հրամանատարն էր Անատոլի Սոլովյովը, իսկ բորտինժեները՝ Վիկտոր Սավինիխը։ Առաքելությունը տևել է 10 օր, իսկ «Միր» ուղեծրային կայանում Ալեքսանդրովը մասնակցել է «Շիպկա» համատեղ գիտական ծրագրի իրականացմանը, որը հիմնված է եղել բուլղարական հետազոտական սարքավորումների կիրառման վրա։

Ցուցաբերած արիության ու հերոսության համար Ալեքսանդր Ալեքսանդրովին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Նա ստացել է նաև Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ։

Տիեզերական կարիերան ավարտելուց հետո շարունակել է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի և Բուլղարիայի միջև գիտատեխնիկական կապերի զարգացման գործում։ Տարիներ շարունակ Ալեքսանդրովը Բուլղարիայում ներկայացրել է ռուսական «ՄիԳ» ինքնաթիռաշինական կորպորացիան։

Ռուսաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել տիեզերագնացի ընտանիքին ու հարազատներին՝ նրա մահն անվանելով ծանր կորուստ Բուլղարիայի և Ռուսաստանի համար։

Source: https://news.am/hy/news/1049246