Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը պետք է ոչ ուշ, քան հուլիսի 18-ը ստորագրի խորհրդարանի ընդունած Սահմանադրության 17-րդ փոփոխությունը, որով նախատեսվում է նրան հեռացնել պաշտոնից։ Ինչպես հայտարարել է վարչապետ Պետեր Մադյարը, հակառակ դեպքում պետության ղեկավարի դեմ կարող է իմպիչմենտի գործընթաց սկսվել։

«Մայր օրենքի 17-րդ փոփոխությունը ստորագրելու համար նրան տրված հնգօրյա ժամկետը լրանում է շաբաթ երեկոյան»,- Բուդապեշտում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մադյարը: Նա հիշեցրել է, որ պատգամավորները փաստաթուղթը հավանության են արժանացրել հուլիսի 13-ին, իսկ ըստ օրենսդրության՝ նախագահին տրվում է հինգ օր՝ դրա տակ իր ստորագրությունը դնելու կամ այն մերժելու համար։

Նախագահը կարող է այն իր դիտողություններով ուղարկել Սահմանադրական դատարան, եթե խորհրդարանում դրա անցման ժամանակ ընթացակարգային որևէ խախտում հայտնաբերի (փոփոխության բովանդակության վերաբերյալ առարկություններ չեն ընդունվում): Մադյարը կարծում է, որ իրադարձությունների նման զարգացման համար ոչ մի հիմք չկա: «Հուսով եմ, որ նա դա չի անի»,- ասել է վարչապետը։

«Եթե, այնուամենայնիվ, այդ անցանկալի սցենարը կյանքի կոչվի, մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք պատշաճ ժամանակում և պատշաճ եղանակով»,- նախազգուշացրել է վարչապետը: Ավելի վաղ նա բացահայտ սպառնացել էր խորհրդարանում Շույոկի դեմ «պաշտոնից հեռացման գործընթաց», այսինքն՝ իմպիչմենտ նախաձեռնել: Կառավարությունը հասկացնել էր տվել, որ նախագահի կողմից 17-րդ փոփոխությունը չստորագրելը և այն անհիմն կերպով ՍԴ ուղարկելը կարող են օրենքի լուրջ խախտում դիտարկվել։

Source: https://news.am/hy/news/1050260