Նիդերլանդացի հնագետները Լուքսորի արևմտյան ափին գտնվող Շեյխ Աբդ էլ-Քուրնա շրջանում հայտնաբերել են պատկերազարդ դամբարան, որը պատկանում է Պասեր անունով հին եգիպտացուն: Դամբարանի հայտնաբերմնան մասին հայտնել է Arkeonews հանդեսը՝ հղում անելով Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությանը։

Ժայռափոր կառույցը Թեբեի ընդարձակ նեկրոպոլի կազմում ներառված է TT45 թեբեական դամբարանից դեպի արևելք։ Պահպանված պատկերների գեղարվեստական ոճը հնարավորություն է տալիս թաղումը նախնականորեն վերագրել Ռամեսիդների դարաշրջանին, սակայն ավելի ստույգ թվագրում դեռևս չի հայտարարվել։

Դամբարանի տիրոջ անունը հաջողվել է պարզել պահպանված արձանագրությունների շնորհիվ։ Պատերի որմնանկարների մի մասը դեռևս ծածկված է փոշու բարակ շերտով, սակայն հասանելի հատվածներում երևում են տեսարաններ, որտեղ Պասերը երկրպագում է սրբավայրերի ներսում պատկերված աստվածություններին։ Մեկ այլ հորինվածքում պատկերված են Պասերն ու նրա կինը՝ ընծաների սեղանի առջև։ Արձանագրությունների հետագա ուսումնասիրությունը կարող է օգնել պարզել դամբարանի տիրոջ պաշտոնները, նրա մասնագիտությունը և դիրքը Նոր թագավորության հասարակության մեջ։

Կառույցն ունի թեբեական մասնավոր դամբարաններին բնորոշ հատակագիծ։ Համալիրի մեջ մտնում են արտաքին բակը, ժայռի մեջ փորված շրջված T տառի ձևով մատուռը և ստորգետնյա թաղման խցերը։ Բակում հնագետները հայտնաբերել են հում աղյուսից պատրաստված լավ պահպանված նստարան։ Դրա մեջ կա խորշ, որտեղ, ենթադրաբար, տեղադրված է եղել թաղման կոթողը։ Դեպի մուտք տանում է մի սանդուղք, որի երկու կողմերում թեքահարթակներ են տեղակայված։

Source: https://news.am/hy/news/1049623