Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չինաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ կատակով հայտարարել է, թե «ասես իր տուն» է եկել։

«Ասես իմ տուն եմ եկել»,- հանդիպման սկզբում ասել է Լուկաշենկոն։ Հանդիպման տեսանյութից մի հատված հրապարակել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» տելեգրամյան ալիքը։

ՉԺՀ առաջնորդը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Լուկաշենկոն ուղիղ Մինսկից է ժամանել։ «Ո՛չ, ես այստեղ եմ թռել Մոսկվայի մերձակայքից։ Մենք բանակցություններ էինք վարում նախագահ Պուտինի հետ, որից հետո ես մեկնեցի Պեկին»,- ասել է Բելառուսի նախագահը, ով ավելի վաղ աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանում։

Սի Ծինփինը գոհունակություն է հայտնել, որ շատ հաճախ է հանդիպում Լուկաշենկոյի հետ։

Տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Բելառուսի և ՉԺՀ ղեկավարների պաշտոնական բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ։ Այս այցն Ալեքսանդր Լուկաշենկոյի արդեն 17-րդ ուղևորությունն է Չինաստան։

«Այնուհետև առաջնորդները կշարունակեն շփումը ավանդական ընտանեկան ճաշի շուրջ. ֆորմատ, որը դուրս է գալիս դիվանագիտական արարողակարգի շրջանակներից և հանդիսանում է Բելառուսի նախագահի ու ՉԺՀ նախագահի միջև առանձնահատուկ անձնական վստահության նշան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Source: https://news.am/hy/news/1046574