Լիտվայի Սեյմը կքննարկի երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնելու մասին օրենքը, հայտնում է DW-ն։
Փոփոխության քննարկմանը կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ է հանդես եկել 11-ը, ևս վեցը՝ ձեռնպահ։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան փոփոխությունների մասին հայտարարել էր անցած շաբաթ Բեռլին կատարած այցի ընթացքում։ Նա հայտարարել է, որ երկիրը պատրաստ է միանալ դաշինքի միջուկային զսպման համակարգին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին։ Նաուսեդան նաև հավելել է, որ Լիտվան առայժմ անմիջական ծրագրեր չունի խաղաղ ժամանակ իր տարածքում միջուկային զենք տեղակայելու վերաբերյալ։
Երկրի իշխող կոալիցիայի անդամները, որոնք ներկայացրել են օրինագիծը, ընդգծում են, որ սահմանադրական նորմի չեղարկումը չի ազդի Լիտվայի պարտավորությունների վրա՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով և այլ միջազգային համաձայնագրերով։
Օրինագծի քննարկումը նախատեսված է խորհրդարանի աշնանային նստաշրջանի համար։ Ներկայումս Լիտվան ՆԱՏՕ-ի անդամ այն սակավաթիվ պետություններից է, որոնք ունեն նման սահմանափակումներ։ «Մենք չենք կարող մնալ զսպման ամբողջ համակարգի թույլ օղակը», - հայտարարել է Լիտվայի Սեյմի խոսնակ Յուոզաս Օլեկասը։
Հունիսի սկզբին Financial Times թերթը հաղորդել էր, որ Վիլնյուսը սկսել է բանակցություններ Վաշինգտոնի հետ Լիտվայի տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու շուրջ։ Բանակցությունները ընթանում են Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության կրճատման ֆոնին։
Source: https://news.am/hy/news/1048513