AFP-ի թղթակիցը հարավային Տյուրոս քաղաքից հայտնում է, որ երկու հզոր պայթյուն է լսվել. արկերը հաջորդաբար հարվածել են նախ արվարձանային, ապա քաղաքի կենտրոնական շենքերից մեկին, ինչից հետո տարածքը պատվել է ծխի հսկայական ամպերով։ Մինչ հարվածները, քաղաքացիական պաշտպանության փրկարարներն ու տեղի ոստիկանությունը բարձրախոսներով շրջել են թաղամասերով՝ կոչ անելով մարդկանց անհապաղ հեռանալ։ Զուգահեռաբար, Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը տարհանման երկու հրատապ նախազգուշացում էր հրապարակել։

Իսրայելի պաշտպանության բանակից (ՑԱԽԱԼ) հայտնել են, որ Տյուրոսի երկու թաղամասերի բնակիչներին նույնպես հրամայվել է լքել իրենց տները, քանի որ դրանք «գտնվում են «Հեզբոլլահի» օբյեկտների մոտակայքում, որոնց դեմ իսրայելական զինուժը պատրաստվում է գործողություններ ձեռնարկել»։

Լիբանանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը տեղի ունեցած իսրայելական հարձակումների հետևանքով 10 մարդ է զոհվել, որոնց թվում կան վեց փրկարարներ և մեկ երեխա։

Ավելի վաղ՝ դարձյալ ուրբաթ օրը, հարավային Հանաուեյ քաղաքին հասցված հարվածի պատճառով կյանքից հեռացել էր Իսլամական առողջապահական կոմիտեի չորս փրկարար։ Բացի այդ, Իսրայելի զինվորական հրամանատարությունը նույն օրն վաղ առավոտյան հայտարարել էր սահմանամերձ գոտում երկու հոգու սպանության մասին։

Source: https://news.am/hy/news/1037696