Լեհաստանը մտադիր է առաջիկա տարիներին շուրջ 150 միլիարդ դոլար ներդնել պաշտպանունակության ոլորտում։ Այս մասին «RMF FM» ռադիոկայանի եթերում հայտնել է երկրի ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։

Նրա խոսքով՝ այս միջոցները կհատկացվեն արդեն իսկ ծախսված 65 միլիարդ դոլարից զատ, որ Վարշավան ներդրել է ամերիկյան սպառազինության գնման և ռազմական ենթակառուցվածքների զարգացման համար։ Տոմչիկը նշել է, որ Լեհաստանը մտադիր է դառնալ Եվրոպայում ՆԱՏՕ-ի խոշորագույն սպասարկման կենտրոնը և բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ «Patriot» համալիրների հրթիռների համատեղ արտադրության շուրջ։

Փոխնախարարը նաև հայտնել է, որ լեհական իշխանությունները Վաշինգտոնին պաշտոնական առաջարկ են ուղարկել երկրի տարածքում ամերիկյան մշտական ​​ռազմաբազա ստեղծելու վերաբերյալ։ Նրա փոխանցմամբ՝ քաղաքական համաձայնությունն արդեն ստացվել է, իսկ որպես հնարավոր տեղանքներ դիտարկվում են Վելիկոպոլսկի և Նժնեսիլեզյան (Ստորին Սիլեզիայի) վոյեվոդությունները, որտեղ առկա է ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման համար անհրաժեշտ ենթակառուցվածքը։ Ակնկալվում է, որ վերջնական որոշումը կկայացվի առաջիկա շաբաթներին։

Անդրադառնալով Ուկրաինային լեհական «ՄիԳ-29» կործանիչների հնարավոր փոխանցմանը՝ փոխնախարարը հայտարարել է, որ Լեհաստանը պատրաստ է ինքնաթիռները հանձնել «թեկուզ վաղը»՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների դիմաց։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ կողմերը դեռևս չեն համաձայնեցրել փոխանցվող տեխնիկայի արդիականացման պայմանները։

Տոմչիկի խոսքով՝ ապագայում Լեհաստանն ակնկալում է ընդլայնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը՝ հիմնելով «Patriot», «Hellfire» և «HIMARS» համալիրների հրթիռների համատեղ արտադրություն։

Source: https://news.am/hy/news/1049532