Լեհաստանի իշխանությունները որոշել են 5 տարով արգելել ուկրաինացի բլոգեր Անդրեյ Գավրիլովի մուտքը երկիր, որը, չնայած արգելքին, իր սպորտային մեքենայով հասել էր Մորսկե Օկո լիճ՝ Տատրանյան ազգային պարկում, փոխանցել է «Европейская правда»-ն։

Երկրի իշխանությունների որոշման մասին հայտնել է Լեհաստանի ՆԳ նախարար Մարչին Կերվինսկին։ Ընդ որում, նա չի հայտնել խախտողի ազգությունը։

«Մորսկե Օկո կատարած ուղևորության մեղավորը պատասխանատվության կենթարկվի։ Հասարակական կարգը խախտելու կապակցությամբ, ոստիկանության խնդրանքով, նրան կներառեն անցանկալի անձանց ցանկում՝ Լեհաստանի Հանրապետության տարածք մուտքի 5 տարվա արգելքով։ Օրենքի խախտումը միշտ կհանդիպի խիստ արձագանքի»,– գրել է նախարարը սոցցանցերում։

Ավելի վաղ շաբաթ օրը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ՆԳՆ-ին կոչ էր արել քննել ուկրաինացու մասնակցությամբ միջադեպը և խիստ միջոցներ ձեռնարկել։

Ուկրաինացի բլոգեր Անդրեյ Գավրիլովը իր սպորտային մեքենայով մտել էր Մորսկե Օկո լճի տարածք, ինչը մասնավոր տրանսպորտային միջոցների՝ Տատրանյան ազգային պարկ մուտքի արգելքի խախտում է։

Source: https://news.am/hy/news/1037810