Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստվում են իրադարձությունների զարգացման «տարբեր սցենարների» և զգուշացրել է, որ առաջիկա ամիսները կարող են դառնալ «իսկապես վճռորոշ Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքի տեսանկյունից», հաղորդում է BBC News-ը։

Այսպես Տուսկը մեկնաբանել է ԶԼՄ-ների հրապարակումները, որոնց համաձայն՝ Մոսկվան, իբր, զինված «սադրանք» է պատրաստում Լեհաստանի դեմ՝ ստուգելու ՆԱՏՕ-ի վճռականությունը։

«Ես չեմ ուզում որևէ մեկին վախեցնել, բայց առաջիկա ամիսներն իսկապես կարող են վճռորոշ լինել, այդ թվում՝ պատերազմի բնույթի փոփոխության պատճառով։ Այս մտահոգությունները հատկապես զգացվում են Բալթյան երկրներում», — ուրբաթ լրագրողներին հայտարարել է Տուսկը։

Լեհական Onet պարբերականը, հղում անելով Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկուն մոտ կանգնած աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ն մի քանի անգամ զգուշացրել է Վարշավային երկրի վրա հնարավոր հարձակման նախապատրաստման մասին։ Սպիտակ տունը և ԱՄՆ Պետդեպարտամենտը չեն պատասխանել BBC-ի՝ այս տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքով հարցումներին։

Ինչպես պնդում են ԶԼՄ-ները, հնարավոր սցենարը կարող է նախատեսել հարվածներ լեհական ենթակառուցվածքներին՝ հրթիռների կամ անօդաչուների կիրառմամբ, կամ զինծառայողների ներթափանցում Լեհաստանի տարածք։ Ըստ հրապարակումների, նման գործողությունների նպատակը կարող է փորձ լինել՝ ճնշում գործադրելու Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների վրա, որպեսզի հասնեն Կիևին ռազմական օգնության դադարեցմանը՝ շարունակվող ռուսական ռազմական գործողության ֆոնին։

Մեկնաբանելով այս հաղորդումները՝ Տուսկը հայտարարել է. «Պետք չէ վախենալ, մենք պատրաստվում ենք տարբեր իրավիճակների, բայց չենք կարող դրանք անտեսել։ Մենք գիտակցում ենք առկա սպառնալիքները, այդ թվում՝ մեր դաշնակիցներից ստացվող տեղեկատվության շնորհիվ»։

Հաջորդ շաբաթ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին կմասնակցի Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի վաղ հայտարարել էր, որ հանդիպումը պետք է ցույց տա եվրոպացի դաշնակիցների պատրաստակամությունը կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պաշտպանական ծախսերը մեծացնելու մասին բազմամյա կոչերը։ Սպասվում է նաև, որ մասնակիցները կհաստատեն Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների ֆինանսավորումը շարունակելու մտադրությունը։

Ապրիլին Տուսկը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա «մի քանի ամսվա ընթացքում»։ Հունիսի վերջին Լեհաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում նույնպես չի բացառել, որ Ռուսաստանը առաջիկա երկու տարվա ընթացքում կարող է իրականացնել «կեղծ դրոշի տակ» գործողություն՝ նպատակ ունենալով արդարացնել ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա հարձակումը։

Ավելի վաղ Բալթյան երկրները նույնպես բազմիցս հայտարարել էին ռուսական հնարավոր սպառնալիքի առնչությամբ իրենց մտահոգության մասին։ Հունիսին լատվիական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկրի հատուկ ծառայությունները զգուշացրել են տարածաշրջանում կամ Լեհաստանի տարածքում Մոսկվայի կողմից ռազմական սադրանքների հավանական նախապատրաստման մասին։

ՆԱՏՕ-ում Լիտվայի դեսպանն էլ, իր հերթին, հինգշաբթի հայտարարել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանն ավելի շուտ կդիմի հիբրիդային պատերազմի մեթոդներին՝ ինչպես, օրինակ, հրթիռների կամ անօդաչուների ներխուժումները օդային տարածք, — քան լայնածավալ ռազմական հարձակման։

Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը նախատեսում է, որ ՆԱՏՕ-ի անդամ մեկ պետության վրա զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում դաշինքի բոլոր մասնակիցների վրա, որոնք պարտավորվում են դաշնակցին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։

Source: https://news.am/hy/news/1047749