Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը ներկայում հնարավորություններ չունի Լեհաստանի վրա ուղղակի հարձակման համար, իսկ ռուսական սպառնալիքները Վարշավայում մտահոգություն չեն առաջացնում։ Իտալական Il Messaggero պարբերականին տված հարցազրույցում նա նշել է, որ Մոսկվան «լավագույն դեպքում կարող է փորձել ինչ-որ սադրանք կազմակերպել», բայց ի վիճակի չէ լայնամասշտաբ ներխուժում իրականացնել։

Սիկորսկին հավելել է, որ Ռուսաստանը չի կարողացել գրավել Դոնբասը պատերազմի գրեթե 13 տարիների ընթացքում, իսկ նրա ռազմական հեղինակությունը զգալիորեն թուլացել է։ «Մենք կարծում էինք, թե Պուտինն ունի աշխարհի երկրորդ բանակը։ Այսօր կարող ենք ասել, որ նա ունի Ուկրաինայում երկրորդ բանակը»,- հայտարարել է Լեհաստանի արտգործնախարարը։

Սիկորսկու բնորոշմամբ՝ Ուկրաինայի տոկունությունը ցույց տվեց, որ և՛ Կիևը, և՛ նրա արևմտյան դաշնակիցները գերազանցել են սպասումները։ «Եթե հինգ տարի առաջ մեզ ասեին, որ Ուկրաինան կխուսափի օկուպացիայից, կպահպանի կայուն ճակատային գիծը և կշարունակի հացահատիկ արտահանել Սև ծովով, ոչ ոք դրան չէր հավատա»,- նշել է նախարարը։ Նա այդ հանգամանքը կապել է արևմտյան երկրների միասնության և Ռուսաստանի դեմ Եվրամիության ընդունած պատժամիջոցների քսան փաթեթների հետ։

Սիկորսկին միաժամանակ հաստատել է, որ Լեհաստանը նախազգուշացումներ է ստացել հնարավոր ռուսական սադրանքների մասին։ Մեկնաբանելով The Telegraph-ի հրապարակումն այն մասին, ըստ որի ԱՄՆ-ը զգուշացրել է Վարշավային առաջիկա ամիսներին Ռուսաստանի զինված սադրանքի հավանականության մասին, նա հայտարարել է. «Դա հեղինակավոր թերթ է, ուստի, հավանաբար, ճշմարտություն է։ Հենց այդ պատճառով մենք ռուսներին ազդակ ենք ուղարկում՝ մենք գիտենք, որ դուք ինչ-որ բան եք պատրաստում, ինչպես դա եղավ Ուկրաինա ներխուժումից առաջ»։

Միաժամանակ, նախարարն ընդգծել է, որ Լեհաստանը լրջորեն է վերաբերվում սեփական պաշտպանության հարցերին, սակայն Ռուսաստանի վերաբերյալ նախկին մտավախությունները նկատելիորեն թուլացել են։ «Պուտինը չի կարողանա հաղթել Ուկրաինային։ Եվ մենք հոգ կտանենք, որ նա շարունակի արյունահոսել, նույնիսկ եթե ստիպված լինենք մենակ պայքարել։ Բայց մենք մենակ չենք. մենք ունենք հզոր դաշնակիցներ, դրանց թվում՝ Իտալիան»,- հայտարարել է Սիկորսկին։

Source: https://news.am/hy/news/1049630