Ճանապարհորդը, որը տարանցումով Լաս Վեգասի Harry Reid միջազգային օդանավակայանում էր, խաղային ավտոմատով ավելի քան 3,3 միլիոն դոլարի ջեքփոթ է շահել, գրում է Sacramento Bee-ն։

Դեպքը տեղի է ունեցել կիրակի, իսկ երեքշաբթի օդանավակայանի տնօրինությունը մեկնաբանել է իրադարձությունը X սոցիալական ցանցում՝ այն անվանելով «վերանստեցման (չվերթների միջև ընկած ժամանակահատվածն) անցկացնելու տարբերակներից մեկը»։

Ինչպես հստակեցրել է International Game Technology (IGT) ընկերությունը, հաղթողը Էնթոնի անունով մի տղամարդ է։ Նա խոշոր շահում է ունեցել՝ խաղալով Wheel of Fortune Gold Spin Triple Red Hot 7s սլոթ-ավտոմատով՝ կատարելով 10 դոլարի խաղադրույք։

IGT-ի ներկայացուցիչները հրապարակել են հաղթողի լուսանկարը ավտոմատի կողքին, որտեղ նա ժպտում է շահումից հետո։

ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության կանոններով՝ 5000 դոլարը գերազանցող շահումները ենթակա են 24% դրույքաչափով դաշնային հարկի ավտոմատ պահման։ Միաժամանակ, Նևադա նահանգում ֆիզիկական անձանց եկամտահարկ և վիճակախաղերի շահումների հարկ չի գանձվում։

Նշվում է, որ սա Լաս Վեգասի օդանավակայանում առաջին խոշոր շահումը չէ. 2025 թվականի մայիսին մեկ այլ ճանապարհորդ նույնանման ավտոմատով ստացել էր 1,8 միլիոն դոլարի ջեքփոթ, իսկ ավելի վաղ ևս մեկ ուղևոր շահել էր ավելի քան 348 հազար դոլար՝ ընդամենը 1,25 դոլար խաղադրույքով։

Source: https://news.am/hy/news/1046981