Իտալիան հարկադրված է հետաձգել երկու դիվիզիայի ձևավորումը, քանի որ չի կարող դրանք ապահովել ծանր տեխնիկայով։ Ինչպես գրել է La Repubblica թերթը, Հռոմը ֆինանսավորման բացակայության պայմաններում կասեցրել է Panther տանկերի և հետևակի Lynx մարտական մեքենաների պատվերները։

Դեռևս 2023 թվականին Ջորջիա Մելոնիի կառավարությունը պարտավորվել էր ստեղծել, ինչպես պահանջում էին ՆԱՏՕ-ում, երկու դիվիզիա, որոնց համար նախատեսված էին նոր սերնդի 277 Panther տանկ և ավելի քան 1 հազար Lynx՝ ընդհանուր 24 մլրդ եվրո արժողությամբ։ Ինչպես հաղորդվել էր, արտադրությունը պատվիրվել էր գերմանական Rheinmetall կոնցեռնին, սակայն իտալական Leonardo կոնցեռնի բաղադրիչներով։ Համապատասխան ծրագրերը հաստատվել էին խորհրդարանում, սակայն առանց ծախսերը ծածկելու հստակ տնտեսական հիմնադրամների նշման, գրել է թերթը։ Այժմ, առանց Եվրամիության SAFE (Security Action for Europe) պաշտպանական ներդրումների ծրագրի վարկերի օգտագործման, որոնք Իտալիան մտադիր է կրճատել գրեթե 15 մլրդ եվրոյից մինչև չորս-հինգ մլրդ-ի, գանձարանում միջոցներ չկան նախագիծն իրականացնելու համար։

«Պայմանագրերի ստորագրումը, որը նախատեսվում էր հունիսին՝ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովին ընդառաջ, հետաձգվել է՝ ֆինանսական ապահովվածության հարցում անորոշության պատճառով։ Եվ այդպիսով Թուրքիայում Իտալիան կզգա եռակի անհարմարություն՝ ՆԱՏՕ-ի, գերմանացի գործընկերների և արտադրողների առաջ», - գրել է La Repubblica-ն։

Ենթադրվում էր, որ պատվերի կատարման համար գերմանական ընկերությունը պետք է ստեղծեր նոր համատեղ ձեռնարկություն իտալական Leonardo կոնցեռնի հետ։ Մտադիր էին տեխնիկան հիմնականում հավաքել Իտալիայում։ Բրյուսելի վարկերն այսպիսի նպատակների համար ամենահարմարն էին, նշել է թերթը, քանի որ խոսքը «եվրոպական արտադրության» մասին էր։

Source: https://news.am/hy/news/1047639