Կուբայում կրկին տեղի է ունեցել Ազգային էներգահամակարգի (SEN) վթար, որն ամբողջ երկիրը թողել է առանց էլեկտրականության։ Իրավիճակի մասին հայտնել են կղզային պետության իշխանությունները։ Սա արդեն երրորդ նմանատիպ վթարն է վերջին երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում՝ Կուբայի էներգետիկ համակարգի վրա ԱՄՆ նավթային էմբարգոյի ուժգնացող ճնշման ֆոնին։

Հունվարից ի վեր, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց տուրքեր սահմանել ցանկացած երկրի դեմ, որը նավթ է մատակարարում կամ վաճառում կղզուն, վառելիքն ամբողջ Կուբայում դարձել է դեֆիցիտ, ինչն էլ ավելի է խորացրել շարունակվող ֆինանսական և տնտեսական ճգնաժամը, հաղորդում է Euronews-ը։

Հասարակական տրանսպորտի աշխատանքը մեծ մասամբ դադարեցված է, իշխանությունները չեղարկել են տասնյակ հազարավոր վիրահատություններ հիվանդանոցներում։

Կուբան ապահովում է վառելիքի իր պահանջարկի միայն մոտ 40%-ը, իսկ ներկրվող մատակարարումների խնդրի լուծումը դեռևս չի երևում։

Նախորդ շաբաթ երկու համազգային բլեքաութները՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, առանց լույսի էին թողել ավելի քան 9 միլիոն կուբացիների. դրանց գումարվում են նաև մարտ ամսին տեղի ունեցած ևս երկու անջատումները և մի քանի տարածաշրջանային վթարներ։

Հոսանքազրկումները լրջորեն անդրադառնում են բնակչության կյանքի վրա և, էներգետիկ էմբարգոյի հետ համատեղ, հանգեցրել են տրանսպորտային սահմանափակումների, աշխատանքային օրվա կրճատման և չվերթների չեղարկման, ինչպես նաև ծանր հետևանքներ ունեն առողջապահական համակարգի համար։

Էլեկտրաէներգիայի խափանումների պատճառով տուժում են կենսական նշանակություն ունեցող տարրական գործառույթները, դրանց թվում՝ սննդի պատրաստումը, ջրամատակարարումը, համացանցի հասանելիությունը և հեռախոսակապը։

Source: https://news.am/hy/news/1050023