Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանի ափամերձ գոտում հուլիսի 14-ին նավթամթերքի արտանետումներ են հայտնաբերվել այն բանից հետո, երբ Ազովի ծովում՝ Տագանրոգի ծովային նավահանգստի տարածքում, նոր նավթային բծեր էին հայտնվել։ Աղտոտվածությունը հայտնաբերվել է Չուշկա ցամաքալեզվակից մինչև Կուչուգուրի ավան ընկած ափամերձ հատվածում, որի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 5-6 կմ. այս մասին հայտնել են Կուբանի օպերատիվ շտաբից։ Իշխանությունները Զապորոժիեի գյուղական համայնքի տարածքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել և մազութով աղտոտված հողի ու «աղտոտված ջրիմուռների կուտակումների» մաքրման աշխատանքներում ներգրավել Արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային վարչության 69 աշխատակցի, պաշտոնյաների, կամավորների, ինչպես նաև 9 միավոր տեխնիկա։ Մազութի արտանետումների մասին հայտնել են նաև Տեմրյուկի շրջանի բնակիչները, գրում է բնապահպան Գեորգի Կավանոսյանը։

Մարդկանց խոսքով՝ դեռևս հուլիսի 13-ին աղտոտվածությունից դժգոհել են Կերչի նեղուցի մոտ գտնվող Իլյիչ ավանի բնակիչները, իսկ հաջորդ օրը՝ Կուչուգուրի ավանի բնակիչները։ Ափին մազութի կուտակումների մասին պատմել են նաև Գոլուբիցկայա գյուղի բնակիչները։ «Մանր ֆրակցիայի արտանետումների երկարությունը մի քանի կիլոմետր է։ Ընդամենը 500 մետր հեռավորության վրա է գտնվում նաև Տամանո-Զապորոժիեի արգելավայրը, որի տարածքում չվերթերի ժամանակ կանգ է առնում մինչև 1 միլիոն թռչուն։ Այժմ այնտեղ բնադրման շրջան է»,- գրել է Կավանոսյանը։ Բացի այդ, օպերատիվ շտաբը զեկուցել է Պրիմորսկո-Ախտարսկի շրջանում մազութի արտանետումների մաքրման մասին։ Աշխատանքներում ներգրավվել է 125 մարդ և 20 միավոր տեխնիկա։ Հուլիսի սկզբին նավթի նոր հետքեր են հայտնվել նաև խորտակված «Վոլգոնեֆտ-239» տանկերի շրջանում։

Այս մասին են վկայում հուլիսի 1-ի և 6-ի արբանյակային լուսանկարները, որոնք ներկայացրել էր Sky Eye OSINT-նախագիծը։ Վերլուծաբանները նշում էին, որ յուղային թաղանթը կարող էր առաջանալ 2024 թվականի դեկտեմբերին Կերչի նեղուցում խորտակված նավի քթամասից տեղի ունեցած արտահոսքի հետևանքով։ Դրան կարող էին հանգեցնել նավից նավթամթերքի պոմպահանման աշխատանքներն ու Սև ծովում ջրի ջերմաստիճանի բարձրացումը։

Մասնագիտացված Pixel Planet ռեսուրսը հուլիսի 12-ին հայտնել էր Ազովի ծովում «թաղանթային աղտոտվածության» առաջացման մասին, որն, ըստ ամենայնի, առաջացել է այն նավերից, որոնք նախկինում հարձակման էին ենթարկվել ուկրաինական անօդաչուների կողմից։ Հուլիսի 11-ի և 12-ի օպտիկական և ռադիոլոկացիոն արբանյակային լուսանկարներում ջրի մակերևույթին մի շարք բծեր են արձանագրվել։ «Որոշ հետքեր բառացիորեն ձգվում են հենց նավերից։ Բացի այդ, հուլիսի 11-ին և 12-ին Տագանրոգի նավահանգստի մոտակայքում նույնպես ընդարձակ բիծ է նկատվել»,- նշել է ալիքը։

Source: https://news.am/hy/news/1049926