Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կենտրոնական հատվածում խորտակվել է պետական քննությունները հանձնելուց հետո վերադարձող ուսանողներին տեղափոխող փայտե նավակը։ Դեպքի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հաղորդել է Associated Press-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Կասաի նահանգում, երբ նավը մտնում էր Սանկուրու և Կասաի գետերի միախառնման հատված։

Ականատեսների խոսքով՝ աղետի պահին նավի վրա եղել են զգալի թվով ուղևորներ։

Կոնգոյի ԴՀ-ում ջրային տրանսպորտի վթարներ տեղի են ունենում պարբերաբար։ Փորձագետներն ու տեղի բնակիչները դա կապում են նավերի գերբեռնվածության, գիշերը նավարկելու, ինչպես նաև անվտանգության ցածր մակարդակի և երկրի հեռավոր շրջաններում ենթակառուցվածքի անբավարարության հետ։ Նման աղետների հետևանքով վերջին տարիներին հարյուրավոր մարդիկ են զոհվել։

Կասաի նահանգի Իլեբո տարածքի ղեկավար Ֆրանսուա Կաբուլան հայտնել է. «Փրկվել է 80 մարդ, հայտնաբերվել է 20 մարմին»։

Սակայն դեպքի ականատես Տշիկուդի Ժանը Associated Press-ին հայտնել է, որ նավի վրա եղել է ավելի քան 200 մարդ։

Source: https://news.am/hy/news/1047876