Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա տենդի համաճարակը լայնամասշտաբ սոցիալ-տնտեսական ճգնաժամ է հրահրում և կարող է 3,6 միլիարդ դոլար արժենալ աֆրիկյան երկրների վրա։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ/UNDP)։

«Էբոլայի բռնկումը կարող է հանգեցնել նրան, որ ևս 985 հազար մարդ հայտնվի աղքատության շեմից այն կողմ… Էբոլա վիրուսի հետ կապված ճգնաժամը սպառնում է նաև տասնյակ հազարավոր աշխատատեղերի կորստով, կրթական և առողջապահական համակարգերի աշխատանքի խափանումներով և տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում ցնցումների խորացման դեպքում աֆրիկյան երկրների տնտեսությունների համար կարող է արժենալ մինչև 3,6 միլիարդ դոլար»,- ասված է կազմակերպության զեկույցում։

Ըստ ՄԱԿ-ի՝ համաճարակն ունի ցնցող ազդեցություն՝ էլ ավելի խորացնելով ԿԴՀ-ում և հարևան երկրներում, այդ թվում՝ Ուգանդայում, Ռուանդայում և Հարավային Սուդանում տիրող աղքատությունը։ Թեև հանրային առողջապահությանը սպառնացող վտանգը լուրջ է և պահանջում է կարանտինային միջոցառումներ, տեղաշարժի և առևտրի նկատմամբ կիրառվող որոշ ավելի լայն սահմանափակումներ անկանխամտածված կերպով կործանարար վնաս են հասցնում տեղական տնտեսություններին ու ոչ ֆորմալ սեկտորում ապրուստի միջոցներին, նշել են ՄԱԿ-ում։

«Նույնիսկ ԿԴՀ-ում և Ուգանդայում վիրուսի հաջող զսպման սցենարի դեպքում տնտեսական վնասը միևնույն է զգալի կլինի․ կանխատեսումների համաձայն՝ ԿԴՀ-ն կբախվի ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարի իրական ՀՆԱ-ի կորստի և 55,000 աշխատատեղի կրճատման»,- նշված է զեկույցում։

Դրան զուգահեռ՝ առևտրի խափանումները, սահմանային սահմանափակումներն ու տրանսպորտային հաղորդակցության ուշացումները կարող են հանգեցնել մայրցամաքի երկրների ՀՆԱ-ի 2,37 միլիարդ դոլարի կրճատման։ Ակնկալվում է, որ ամենաաղքատ տնային տնտեսությունների 20%-ը կբախվի օրական սպառման ծավալների կրճատմանը, «ինչը կարող է ջնջել զարգացման ոլորտում ձեռք բերված խոցելի արդյունքները և երկարաժամկետ աղքատության ճգնաժամի վտանգ է ստեղծում», զգուշացրել են ՄԱԶԾ-ում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ԿԴՀ-ում և Ուգանդայում Էբոլայի բռնկման հետ կապված իրավիճակը ճանաչել է արտակարգ և այլ երկրների համար վտանգ ներկայացնող։ ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր։ Վերջին տվյալներով՝ հիվանդության բռնկման հետևանքով մահացածների թիվը հասել է 377-ի, հաստատվել է վարակման 1307 դեպք։

Source: https://news.am/hy/news/1046858