Կոմո լճի ափին գտնվող Վարեննա ձկնորսական գյուղը մինչև 200 եվրոյի չափով տուգանքներ է սահմանել փողոցներում մերկ իրանով կամ լողազգեստով հայտնվելու համար, գրում է The Guardian-ը։ Սա դարձել է իտալական զբոսաշրջային ուղղության հերթական փորձը՝ սահմանափակելու այցելուների այն վարքագիծը, որը տեղացի բնակիչները անհարգալից են համարում։
Վարեննան զբոսաշրջիկների թվի աճի պատճառով բախվել է մեծացող ծանրաբեռնվածության, և իշխանություններն ընդունել են մի շարք նոր կանոններ՝ ուղղված 650 բնակիչ ունեցողզ գյուղի արտաքին տեսքի պահպանմանն ու նրա մշտական բնակիչների հանգստության ապահովմանը։
Այժմ գյուղում առանց շապիկի կամ լողազգեստով զբոսնելն արգելված է։ Նման հագուստը թույլատրվում է միայն լճի ափի լողափերին կամ Կոմո լճով նավակներով զբոսնելիս։ Խախտողներին 50-ից մինչև 200 եվրո տուգանք է սպառնում։
Բացի դրանից, զբոսաշրջային խմբերը սահմանափակվել են առավելագույնը 25 հոգով և չպետք է փակեն Վարեննայի նեղ, սալարկված փողոցները։ Զբոսավարներին արգելված է նաև բարձրախոսներ օգտագործել։
«Վարեննան գեղեցիկ գյուղ է, և մենք հպարտ ենք, որ ամեն տարի հարյուր հազարավոր հյուրեր ենք ընդունում ամբողջ աշխարհից,- հայտարարել է Վարեննայի քաղաքապետ Մաուրո Մանցոնին։- Այնուամենայնիվ, մեր բնակիչների կյանքի որակը չի կարող զոհաբերվել զանգվածային զբոսաշրջությանը»։
Նոր կանոններն արդեն գործում են մի քանի օր, և, տեղացիների գնահատմամբ, հատկապես դրական է ընդունվել հագուստին վերաբերող միջոցառումը։
«Լողափին կարելի է անել ինչ կամենաք, բայց երբ դուք քայլում եք փողոցներով, մտնում խանութներ, ռեստորաններ, եկեղեցիներ կամ հրապարակ, պետք է համապատասխան ձևով հագնված լինեք»,- Mediaset TGCom24 հեռուստաալիքին պատմել է խանութներից մեկի սեփականատերը։
Մեկ այլ ձեռնարկատեր նշել է. «Ժամանակն էր դա անելու։ Սա խելամիտ քայլ է։ Կարևորը դրա պահպանումն ապահովելն է»։
Վերջին տարիներին իտալական շատ քաղաքներ և առողջարանային շրջաններ սահմանել են նմանատիպ սահմանափակումներ՝ փորձելով հաղթահարել չափից դուրս զբոսաշրջության հետևանքները։
2022 թվականին Սորենտոյի այն ժամանակվա քաղաքապետը լողազգեստներով և մերկ իրանով զբոսանքները որակել էր «լայնորեն տարածված անվայել վարքագիծ», որը փչացնում է քաղաքի հեղինակությունը, և խոշոր տուգանքներ էր սահմանել։
Լիգուրիայի տարածաշրջանի հեղինակավոր ծովափնյա Պորտոֆինո քաղաքում 2023 թվականին որոշ վայրերում արգելեցին սելֆիները և ստեղծեցին հատուկ «առանց կանգառի գոտիներ», որպեսզի զբոսաշրջիկները երկար չմնան նույն կետերում՝ առաջացնելով մարդկային կուտակումներ։
Source: https://news.am/hy/news/1048466