Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է աջակցել իրեն ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) պատժամիջոցների ցանկից հանելու հարցում։
Ըստ Պետրոյի՝ ինքը զարմացած է եղել, որ Թրամփը չի իմացել իր և իր ընտանիքի՝ այդ ցանկում գտնվելու մասին։ «Նա խոստացավ միջոցներ ձեռնարկել այս հարցով»,- X սոցիալական ցանցում գրել է Կոլումբիայի առաջնորդը։
Կոլումբիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հստակեցրել են, որ զրույցի ընթացքում Պետրոն Թրամփին պատմել է նաև կոկայի ցանքատարածությունների դեմ պայքարի արդյունքների, դրանց թվում՝ արգելված մշակաբույսերի աճեցումից ֆերմերների կամավոր հրաժարման ծրագրի մասին։
Բացի դրանից, Կոլումբիայի նախագահը հայտարարել է երկրի ընտրված նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյայի կառավարության հետ երկխոսության պատրաստակամության մասին։
Աշխատակազմի տվյալներով՝ Թրամփը զրույցի վերջում շնորհակալություն է հայտնել Պետրոյին և նշել, որ ծանոթությունից հետո «հասկացել է, որ նա լավ մարդ է»՝ հույս հայտնելով հետագայում քննարկել նաև այլ հարցեր։
Ավելի վաղ՝ 2025 թվականի հոկտեմբերին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Գուստավո Պետրոյի, նրա կնոջ և որդու նկատմամբ։
Source: https://news.am/hy/news/1047730