Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկու երկրների միջև կապերի շարունակումը, այդ թվում՝ ռազմաքաղաքական և տնտեսական թեմաներով։ Նրանց զրույցի մանրամասները ներկայացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
«Այստեղ երևում են մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության հսկայական հեռանկարներ։ Դրա համար, ինչպես ընդգծել է Դոնալդ Թրամփը, պետք է հնարավորինս շուտ ավարտել ուկրաինական հակամարտությունը»,— լրագրողներին է ասել Ուշակովը։
Զրույցում, հավելել է Յուրի Ուշակովը, «նշվել է նաև այն փաստի խորհրդանշականությունը, որ առաջիկա օրերին Բայկոնուր տիեզերակայանում տեղի կունենա ռուս-ամերիկյան համատեղ անձնակազմի արձակումը Միջազգային տիեզերակայան»։
«Սա կոնկրետ օրինակ է, որը հաստատում է, որ երկու տերությունները շահագրգռված են համատեղ սերտ աշխատել, ընդ որում՝ ամենատարբեր ոլորտներում»,— ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Զրույցի ընթացքում նախագահները նաև քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։
Ըստ Ուշակովի, ԱՄՆ նախագահը հաստատել է ռազմական գործողությունների դադարեցմանը նպաստելու պատրաստակամությունը։ Իսկ Վլադիմիր Պուտինը նրան պատմել է ռազմաճակատում ՌԴ զինված ուժերի վերջին հաջողությունների մասին։
Source: https://news.am/hy/news/1047893