Դհուրբե անունով նեպալական փիղը, որը սպանել է առնվազն 25 մարդու, 14 տարի շարունակ հետապնդել է մի ընտանիքի. 2012 թվականի դեկտեմբերին նա սպանել էր այդ ընտանիքի երկու անդամի, իսկ այս կիրակի կրկին հարձակվել է նույն ընտանիքի վրա՝ սպանելով մորը և նրա չորսամյա երեխային, հայտնում է The Kathmandu Post-ը։
Պարբերականի տվյալներով՝ տեղացի բնակիչ Շանիչարա Բոտեն 2012 թվականին վայրի փղի հարձակման հետևանքով կորցրել է հորն ու մորը։ Այդ ողբերգությունից հետո նա տեղափոխվել է մեկ այլ գյուղ, սակայն 14 տարի անց նույն փիղը հարձակվել է նրա տան վրա և տրորել երիտասարդ հարսին ու թոռանը։
«Մենք նախկինում ապրում էինք Մադի շրջանի Դրոպատինագարում, բայց վայրի փղերից մշտական վախը ստիպեց մեզ ամեն ինչ վաճառել և տեղափոխվել Ջագատպուր։ Մենք կարծում էինք, որ մեծ գետերն անցնելուց հետո ապահով կլինենք։ Բայց այսքան տարիներ անց նույն այդ փիղը նորից գտավ մեզ, ներխուժեց տուն և խլեց իմ հարսի ու փոքրիկ թոռան կյանքը։ Մենք այլևս փախչելու տեղ չունենք»,- ասել է նա թերթին։
Չիտվան ազգային պարկում բնակվող Դհուրբե փիղը 2010 թվականից սկսել է հարձակվել գյուղերի վրա և սպանել մարդկանց։ Այդ ժամանակից ի վեր նրա պատճառով զոհվել է առնվազն 25 մարդ, այդ թվում՝ պարկը հսկող երկու զինծառայող։
Առաջին հարձակումներից հետո փղի վրա հագցրել են գեոլոկատորով օձիք, որպեսզի հետևեն նրա տեղաշարժերին։ Սակայն մի քանի շաբաթ անց փոխանցիչը դադարել է աշխատել։ 2012 թվականին մարդկանց վրա նոր հարձակումներից հետո իշխանությունները որոշում են կայացրել կենդանուն բռնել և սպանել։ Գործողությանը մասնակցել է նեպալական բանակը, սակայն այդ ժամանակ փղին բռնել չի հաջողվել։
2019 թվականին կենդանու ժանիքները կտրել են և նրա վրա հագցրել նոր գեոլոկացիոն օձիք, որը նրա գտնվելու վայրի մասին տվյալներ է փոխանցում յուրաքանչյուր ժամը մեկ։ Երբ փիղը մոտենում է գյուղերին, անտառ են ուղարկվում ռեյնջերների և նեպալական բանակի զինվորների համատեղ պարեկախմբեր, որպեսզի նրան հետ մղեն դեպի պարկի խորքը։
«Մենք օգտագործում ենք արբանյակային օձիքը՝ այս ծայրահեղ ագրեսիվ արուի տեղաշարժերին հետևելու համար»,- պարբերականին հայտնել է Չիտվան պարկի տեղեկատվության և պահպանության բաժնի աշխատակից Աբինաչ Թապա Մագարը՝ մեկնաբանելով Շանիչարա Բոտեի ընտանիքի անդամների մահը։
Source: https://news.am/hy/news/1048127