Ամերիկյան Weave Robotics ընկերությունը ներկայացրել է Isaac 1 անունով տան համար նախատեսված ռոբոտացված համակարգ, որը նախատեսված է առօրյա կենցաղային խնդիրների ավտոմատացման համար՝ սենյակների մաքրությունից մինչև հագուստի հետ կապված օգնություն, հայտնում է Interesting Engineering-ը։
Ռոբոտը կարող է կատարել գործողությունների լայն շրջանակ՝ մաքրել սենյակները, հարդարել մահճակալները, ծալել հագուստը, տեսակավորել իրերը և առարկաները տեղավորել տան տարբեր հատվածներում։ Շատ դեպքերում այն աշխատում է ինքնավար, սակայն բարդ խնդիրների առաջացման դեպքում կարող է միանալ հեռավար կառավարմամբ օպերատորը։
Isaac 1-ը ավելի վաղ տարբերակի՝ 2026 թվականին ներկայացված Isaac 0-ի զարգացումն է։ Ի տարբերություն դրա՝ նոր ռոբոտը ստացել է անիվներով շարժական հարթակ, ինչը թույլ է տալիս նրան տեղաշարժվել տան ներսում։ Դրա կառուցվածքը ներառում է բարձրությամբ կարգավորվող կորպուս, որը կարող է փոխվել մոտավորապես 0,9-ից մինչև 1,75 մետր, որպեսզի կատարի խնդիրներ տարբեր մակարդակներում՝ հատակից մինչև կահույք և դարակներ։
Համակարգը համալրված է երկու ռոբոտացված մանիպուլյատորներով, բազմաթիվ տեսախցիկներով և արհեստական բանականության ալգորիթմներով՝ օբյեկտները ճանաչելու և տարածության մեջ կողմնորոշվելու համար։ Ռոբոտը կարող է ինքնուրույն որոշել առարկաների գտնվելու վայրը և կատարել կարգուկանոն հաստատելու հետ կապված առաջադրանքներ։
Անհրաժեշտության դեպքում Isaac 1-ը անցնում է հեռավար կառավարման ռեժիմի․ օպերատորը կարող է ժամանակավորապես ստանձնել վերահսկողությունը և ավարտել բարդ գործողությունները, որից հետո համակարգը վերադառնում է ինքնավար աշխատանքին։ Ընկերության հայտարարությամբ, այս հիբրիդային մոտեցումը թույլ է տալիս համատեղել հուսալիությունն ու ճկունությունը իրական տնային պայմաններում։
Ընկերությունը նաև հայտարարում է, որ գաղտնիության պաշտպանության նպատակով տեսախցիկները կարող են ֆիզիկապես անջատվել, երբ չեն օգտագործվում։ Սարքի դիզայնը հարմարեցված է տնային միջավայրին և ներառում է փափուկ վահանակներ ու «արտահայտիչ» թվային աչքերով էկրան։
Weave Robotics-ը ծրագրում է ընդլայնել ռոբոտի ֆունկցիոնալությունը ծրագրային ապահովման թարմացումների միջոցով։ Սարքի արժեքը հայտարարվել է 7 999 դոլար, կամ բաժանորդագրությամբ՝ ամսական մոտ 449 դոլար։ Առաջին մատակարարումները ԱՄՆ-ում սպասվում են 2026 թվականին, իսկ 2027 թվականին նախատեսվում է վաճառքի հետագա ընդլայնում։
Source: https://news.am/hy/news/1047919