Նիկոսիան և Փարիզը իրավական հիմքեր սահմանող և միմյանց տարածքներում երկու երկրների զինված ուժերի փոխգործակցության վերաբերյալ պաշտպանական համաձայնագիր են կնքել։

Փաստաթուղթը ստորագրել են Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը և նրա ֆրանսիացի գործընկեր Կատրին Վոտրենը՝ Նիկոսիայում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում։

Ինչպես հայտարարել է Վասիլիս Պալմասը, այս համաձայնագիրը ժամանակակից հիմք է ստեղծում պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության համար՝ հստակորեն կարգավորելով օտարերկրյա տարածքում գտնվելու ընթացքում երկու երկրների զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները։ Ըստ նրա՝ Ֆրանսիայի հետ փոխգործակցության նոր մակարդակի դուրս գալը Կիպրոսի Հանրապետությանը «լրացուցիչ ռազմավարական խորություն» է հաղորդում և ամրապնդում նրա կարգավիճակը՝ իբրև կայունության հենասյուն Արևելյան Միջերկրականում։

Կատրին Վոտրենն իր հերթին Նիկոսիային հավաստիացրել է Փարիզի անսասան համերաշխության մասին ցանկացած իրավիճակում, երբ կղզու շահերն ու անվտանգությունը կհայտնվեն սպառնալիքի տակ։

Ավելի վաղ կառավարական աղբյուրները Phileleftheros պարբերականին հայտնել էին, որ ֆրանս-կիպրական Ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիրը (SOFA) կանոնակարգում է Կիպրոսում ֆրանսիական զորքերի տեղակայման, մարզումների և գործողությունների իրականացման պայմանները՝ հանրապետության ազգային ինքնիշխանության խիստ պահպանմամբ։ Փաստաթուղթը ներառում է գործողությունների համակարգումը ծովում և ցամաքում, զորքերի օպերատիվ համատեղելիությունը, պաշտպանական տեխնոլոգիաներն ու գնումները, համատեղ վարժանքների անցկացումը, ռազմավարական երկխոսությունը, կադրերի փոխանակումը և զորակազմերի գտնվելու իրավական ասպեկտները։

Համաձայնագիրն ունի երկկողմ բնույթ. այն միաժամանակ հնարավորություններ է բացում կիպրացի զինծառայողների համար՝ Ֆրանսիայում և ծառայություն անցնելու ֆրանսիական ռազմական նավերի վրա վերապատրաստվելու համար։

Source: https://news.am/hy/news/1042105