Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինան ձեռք կբերի նոր սերնդի «SAMP/T» հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի «առաջին խմբաքանակը»։ Դրանք կլրացնեն այն համալիրները, որոնք առաջիկա շաբաթներին հրթիռների հետ միասին պետք է փոխանցվեն Կիևին, հայտնում է AFP-ն։
«SAMP/T»-ն Իտալիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրության ՀՕՊ համակարգ է։ Նման համալիրներ նախկինում ևս տրամադրվել են Ուկրաինային։ Արտադրող ընկերությունը՝ «MBDA»-ն, նշում է, որ նոր սերնդի համակարգերն օժտված են մարտավարական բալիստիկ հրթիռները որսալու ավելի մեծ հնարավորություններով։ «BBC»-ն հավելում է, որ բալիստիկ հրթիռները թռչում են չափազանց բարձր արագությամբ, և դրանց չեզոքացնելը շատ ավելի դժվար է, քան թևավոր հրթիռներն ու հարվածային անօդաչուները, որոնցով Ռուսաստանը պարբերաբար թիրախավորում է ուկրաինական թիկունքը։
Մակրոնը նաև տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին «Ցանկացողների կոալիցիայի» (Coalition of the Willing) երկրները զորավարժություններ կանցկացնեն Ուկրաինային սահմանակից պետությունների տարածքում։ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած կոալիցիան ծրագրում է հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերման դեպքում արագորեն զորախումբ տեղակայել Ուկրաինայում։ Ենթադրվում է, որ այն զսպող գործոն կդառնա՝ Ռուսաստանի կողմից հնարավոր հրադադարի խախտումները կանխելու համար։ Մոսկվան հայտարարում է, որ արևմտյան զորքերի ներկայությունն Ուկրաինայի տարածքում իր համար կտրականապես անընդունելի է։
Բացի այդ, Մակրոնը հայտարարել է Ուկրաինային տրամադրվելիք ռազմական օգնության ևս մի քանի տեսակներ.
Համաձայնեցվել է «ճանապարհային քարտեզը», ըստ որի՝ Կիևը ձեռք կբերի ֆրանսիական 16 նոր «Rafale» կործանիչ։ Նախկինում Փարիզը Ուկրաինային տրամադրել էր «Mirage» կործանիչներ, ինչը որոշ վերլուծաբանների շրջանում թերահավատություն էր առաջացրել, քանի որ դրա հետևանքով Ուկրաինայի ռազմաօդային ուժերի կազմն էլ ավելի բազմատարր էր դառնում։ Մակրոնի խոսքով՝ «Rafale» ինքնաթիռները կկարողանան «երկինք բարձրանալ» 2028–2029 թվականներին։
Ինչպես հաղորդում է «Reuters» գործակալությունը, Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի «AASM» բարձր ճշգրտության ավիառումբերի, «SCALP» թևավոր հրթիռների (որոնք Մեծ Բրիտանիայում արտադրվում են «Storm Shadow» անվանմամբ), ինչպես նաև «Aster» կործանիչ-հրթիռների (որոնք հանդիսանում են «SAMP/T» համալիրների զինամթերքը) արտադրության արտոնագիր։
Source: https://news.am/hy/news/1049774