Երկու մարդ զոհվել է, երկու տասնյակ մարդիկ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ միջքաղաքային Coach ավտոբուսը գիշերը շրջվել է Նյու Յորքի Long Island Expressway արագընթաց ավտոմայրուղու վրա և բախվել հանդիպակաց գոտով ընթացող երկու ավտոմեքենաների, հայտնում է NBC News-ը։
Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես կեսգիշերին՝ Գրինփոյնթ ավենյուի մոտակայքում գտնվող թիվ 16 ելքի շրջանում։
Երեք մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, երկու հոգի ստացել են ծանր վնասվածքներ, իսկ 15 մարդ պրծել են թեթև մարմնական վնասվածքներով։
Նախնական տեղեկություններով՝ զոհվածները ավտոբուսի վարորդն ու ուղևորներից մեկն են։ Ճանապարհատրանսպորտային պատահարում ընդհանուր առմամբ ներգրավված է եղել չորս փոխադրամիջոց։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների մոտ 100 աշխատակիցներ։ Վթարից հետո ականատեսները դուրս են եկել իրենց ավտոմեքենաներից և ոտքով քայլել մայրուղով՝ փորձելով գնահատել իրավիճակը և օգնել տուժածներին։
Source: https://news.am/hy/news/1046919