Կենտրոնական Հունաստանում՝ Կալապոդի գյուղի շրջանում, շարունակվում է խոշոր անտառային հրդեհը, որն ընդգրկել է անտառային զանգվածներ և գյուղատնտեսական հողատարածքներ, հաղորդում է Kathimerini-ն:
Իշխանությունները կարգադրել են տարհանել մերձակա բնակավայրերից մեկը՝ կրակի արագ տարածման պայմաններում։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ մարման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 100 հրշեջ, 25 միավոր տեխնիկա, ինչպես նաև ավիացիա՝ ինը ջրատար ինքնաթիռ և երկու ուղղաթիռ։ Ուժեղ քամին դժվարացնում է փրկարարների աշխատանքը և նպաստում կրակի տարածմանը։
Տուժածների և ավերածությունների մասին առաջին հաղորդումների պահին տեղեկություններ չեն ստացվել։ Հրդեհի օջախն առաջացել է Կալապոդիի շրջանում՝ Կամենա Վուրլա քաղաքից դեպի հարավ, Աթենքից մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա։ Ավելի ուշ արտակարգ ծառայությունները նախազգուշացումներ են ուղարկել բջջային հեռախոսներին՝ կոչ անելով Սֆակա գյուղի բնակիչներին տարհանվել դեպի Էլատիա։
Հրդեհի պատճառները դեռևս պարզված չեն։ Հունաստանում ամառային անտառային հրդեհների մեծ մասը կապում են անզգույշ վարվելակերպի կամ էլեկտրացանցերի անսարքությունների հետ, թեև հաճախ քննարկվում է նաև հրկիզումների վարկածը, որոնք, սակայն, հազվադեպ է հաջողվում ապացուցել։
Հրդեհները պարբերական խնդիր են երկրի համար շոգ ու չոր ամառային սեզոնին։ Նախորդ օրը՝ երեքշաբթի, մեկ այլ հրդեհ Հունաստանի հյուսիսում՝ Սալոնիկից ոչ հեռու գտնվող Դերվենի գյուղի շրջանում, խլել է 66-ամյա տղամարդու կյանք։ Ավելի ուշ այրված տանը հայտնաբերվել է մարմին, որը, ենթադրաբար, պատկանում է նրա 12-ամյա որդուն։ Երեխայի մայրը հոսպիտալացվել է կյանքին վտանգ չսպառնացող այրվածքներով։
Միաժամանակ, իշխանությունները նախազգուշացրել են հրդեհային բարձր վտանգի մասին երկրի ընդարձակ տարածքում, ներառյալ Մեծ Աթենքի շրջանը, Կենտրոնական Հունաստանը, Պելոպոնեսի մի մասը, Հռոդոս կղզին, Արևմտյան Կրետեն և հարավային Հոնիական կղզիները։
Source: https://news.am/hy/news/1047190