Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ժամանակակից եվրոպական պոպուլյացիաներում սննդի մեջ միջատների օգտագործումից հրաժարվելը կարող է ունենալ ոչ միայն մշակութային, այլև էվոլյուցիոն և գենետիկական խորքային պատճառներ։
Աշխատանքը, որն իրականացվել է Էվոլյուցիոն կենսաբանության ինստիտուտի (IBE) կողմից՝ Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի (CSIC) և Պոմպեու Ֆաբրայի համալսարանի (UPF) մասնակցությամբ, հրապարակվել է Science Advances ամսագրում։ Գիտնականները վերակառուցել են էնտոմոֆագիայի՝ միջատների սննդային օգտագործման պատմությունը Եվրասիայում՝ հնագույն կենսաբանական նմուշների և գենետիկական տվյալների վերլուծության հիման վրա։
Հետազոտողներն ուսումնասիրել են հին մարդկանց ատամնափառի (ատամնաքարի) 745 նմուշ, որոնց տարիքը հասնում է 33 հազար տարվա։ Այդպիսի նստվածքներում պահպանվում են սննդամթերքի ԴՆԹ հետքերը, ինչը թույլ է տալիս վերականգնել հնագույն պոպուլյացիաների սննդակարգը։
Վերլուծությունը ցույց է տվել, որ Հյուսիսային Եվրասիայում անատոմիական առումով ժամանակակից մարդկանց մոտ միջատները սննդակարգի կանոնավոր մաս չեն կազմել, և դրանց օգտագործումը կրել է դրվագային բնույթ։ Միևնույն ժամանակ արևադարձային շրջաններում, ինչպես նաև որոշ հին պոպուլյացիաների, ներառյալ նեանդերթալցիների մոտ միջատների սպառման հետքերը զգալիորեն ավելի հաճախ են հանդիպում։
Միջատների ԴՆԹ հատկապես բարձր մակարդակ է հայտնաբերվել նեանդերթալցիների ատամնաքարում։ Նրանց սննդակարգում արձանագրվել են երկթևանիների կարգի ներկայացուցիչներ, ներառյալ ճանճերն ու մոծակները։ Գիտնականները դա կապում են միջատների թրթուրներով վարակված կենդանական մսի հավանական օգտագործման, ինչպես նաև որսի պահպանման պայմանների հետ ջրաճահճային գոտիներում։
Գենետիկական վերլուծությունը նաև բացահայտել է տարբերություններ այն գեներում, որոնք պատասխանատու են խիտինի՝ միջատների արտաքին կմախքի հիմնական բաղադրիչի ճեղքման համար։ Հյուսիսային Եվրասիայի պոպուլյացիաների մոտ հայտնաբերվել են մուտացիաներ, որոնք նվազեցնում են խիտինազա (CHIA) և խիտոբիազա (CTBS) ֆերմենտների ակտիվությունը, ինչը վկայում է միջատների մարսմանը հարմարվողական մեխանիզմների նվազման մասին։ Այս փոփոխություններն ամրապնդվել են մոտ 9 հազար տարի առաջ՝ գյուղատնտեսության անցումից հետո։
Եվ հակառակը, արևադարձային պոպուլյացիաների մոտ նշվում է այդ ֆերմենտների ավելի բարձր էքսպրեսիա, ինչը կապված է միջատների՝ որպես սննդային ռեսուրսի, հասանելիության հետ։ Հետազոտողների խոսքով՝ նման շրջաններում միջատները, ներառյալ տերմիտներն ու մորեխները, կարող էին նշանակալի դեր խաղալ սննդակարգում՝ բարձր կենսազանգվածի և ամբողջ տարվա ընթացքում հասանելի լինելու շնորհիվ։
Առանձին ուշադրություն է դարձվում նաև նեանդերթալցիների վերաբերյալ տվյալներին, որոնց մոտ հայտնաբերվել են գենետիկական տարբերակներ, որոնք նպաստում են միջատների ավելի լավ յուրացմանը։ Սա կարող է վկայել, որ նրանց սննդում էնտոմոֆագիան ավելի լայն կիրառություն է ունեցել, քան հյուսիսային շրջանների ժամանակակից մարդկանց մոտ։
Հետազոտողները նշել են, որ հնագիտական և գենետիկական տվյալների համադրությունը մատնանշում է Եվրոպայում միջատների կանոնավոր սպառումից հրաժարվելու երկարատև էվոլյուցիոն պատմությունը, որն ամրապնդվել է ժամանակակից մշակութային տաբուներից շատ առաջ։
Source: https://news.am/hy/news/1041385