ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրենանը հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ դատարանի միջոցով պահանջելով իշխանություններին պարտավորեցնել պահպանել այն հետաքննություններին առնչվող փաստաթղթերը, որոնք, նրա պնդմամբ, իր նկատմամբ իրականացվում են առանց բավարար հիմքերի, հաղորդում է Associated Press-ը։
Հայցը ներկայացվել է Վաշինգտոնի դաշնային դատարան։ Բրենանը կարծում է, որ այդ նյութերը կարող են անհրաժեշտ լինել իրեն պաշտպանության համար՝ քրեական մեղադրանքներ առաջադրվելու դեպքում։ Նրա փաստաբանների կարծիքով՝ փաստաթղթերը կօգնեն ապացուցել, որ հնարավոր հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և պատասխան քայլի բնույթ է կրում։
Հայցում նշվում է, որ 2017 թվականից ի վեր Դոնալդ Թրամփը բազմիցս հրապարակայնորեն քննադատել է Բրենանին և Արդարադատության նախարարությանը կոչ արել նրա դեմ գործեր հարուցել՝ անկախ փաստացի և իրավական հիմքերից։ Իրավաբանները նշել են, որ դատարանը պետք է գնահատի հետաքննությունները նախաձեռնած պաշտոնատար անձանց դրդապատճառները՝ պարզելու համար՝ արդյոք նրանց գործողությունները չե՞ն խախտում ԿՀՎ նախկին ղեկավարի իրավունքները։
Իբրև պատասխանողներ հայցում նշված են Դոնալդ Թրամփը, ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը, Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը, ինչպես նաև Բրենանի և նախագահի այլ նախկին ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող հետաքննությունները համակարգող Ֆլորիդայի դաշնային դատախազները։
Ինչպես նշվում է հայցում, Բրենանը Ֆլորիդայում երկու առանձին հետաքննությունների թիրախ է։ Դրանցից մեկը վերաբերում է 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ ամերիկյան հետախուզական ծառայությունների գնահատականին առնչվող Կոնգրեսին հնարավոր կեղծ ցուցմունքներ տրամադրելուն։ Երկրորդ հետաքննությունը կապված է այն վարկածի ստուգման հետ, ըստ որի՝ իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցները հնարավոր է նաև ռուսական հավանական միջամտության հետաքննության ընթացքում դավադրություն են կազմակերպել Դոնալդ Թրամփի դիրքերը թուլացնելու նպատակով։
Ներկա պահի դրությամբ Բրենանին որևէ մեղադրանք չի առաջադրվել։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նախկինում հերքել է իրավապահ համակարգը քաղաքական նպատակներով օգտագործելու մասին պնդումները։
Source: https://news.am/hy/news/1047233