Դոնալդ Թրամփի՝ Անկարայում վերջերս իրականացված գաղտնի հատուկ տարհանման գործողությունը, երբ ԱՄՆ նախագահին ինքնաթիռների միջև տեղափոխում էին քեյթերինգի բեռնատարով՝ Իրանի կողմից մահափորձի սպառնալիքի պատճառով, գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը։ Սակայն առավել ուշագրավ էր այն, որ այս որոշումը կայացվել էր իսրայելական հետախուզության տվյալների հիման վրա, որոնց ԿՀՎ-ն վերաբերվել էր «վստահության ցածր աստիճանով»։ Այս ֆոնին փորձագետները նշել են դաշնակիցների միջև աճող լարվածությունը, գրել է Independent-ը։

Թրամփը վեց ամիս առաջ պատերազմ սկսեց Իրանի դեմ՝ հենվելով Իսրայելի զեկույցների վրա այն մասին, թե Թեհրանը կանգնած է միջուկային զենք ստեղծելու շեմին։ Այսօր Սպիտակ տան ղեկավարը բախվել է հակամարտությունից դուրս գալու ուղի գտնելու դժվարություններին, հակամարտություն, որը խարխլել է համաշխարհային տնտեսությունը և հարվածել նրա վարկանիշին երկրի ներսում։ Իսրայելը, որը ժամանակին Վաշինգտոնին դրդում էր վճռական գործողությունների, ինքն էլ դադարեցրել է հարվածներն իրանական օբյեկտներին։

Վերջին երեք ամիսների ընթացքում Թրամփի և նրա վաղեմի դաշնակից Բենիամին Նեթանյահուի միջև ճաքեր են առաջացել։ Աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ նախագահը անձնական զրույցներում խիստ քննադատել է Իսրայելի վարչապետին՝ Լիբանանին հարվածներ հասցնելու և Իրանի հարցում խաղաղության ծրագրի համար սպառնալիք ստեղծելու համար։

Այն տեղեկությունը, որ Թրամփը շտապ լքել է Թուրքիայում ՆԱՏՕ գագաթաժողովը իրանական դավադրության մասին նախազգուշացումից հետո, բացահայտել է ամերիկյան հետախուզական համայնքում խոր թերահավատությունը։ Ինչպես հայտնել է The Washington Post-ը, ԿՀՎ-ն իսրայելական տվյալները գնահատել է որպես քիչ արժանահավատ, սակայն ԱՄՆ Գաղտնի ծառայությունը չի համարձակվել անտեսել սպառնալիքը։

«Նախազգուշացումը տեղավորվում է իսրայելական հետախուզության կողմից տվյալների տրամադրման ավելի լայն մոդելի մեջ, որոնք, որոշ պաշտոնյաների կարծիքով, կոչված են ոչ այնքան նախագահին տեղեկացնելու, որքան նրա որոշումների վրա ազդելու համար», — նշել է աղբյուրներից մեկը։

The Independent-ի հարցմանը մասնակցած փորձագետների կարծիքով՝ Թրամփի և Նեթանյահուի երբեմնի ամուր կապերը ճաք են տալիս ներքին քաղաքականության ճնշման պատճառով։ Առաջնորդներից և ոչ մեկը Իրանի հարցում չի հասել հայտարարված ռազմական և քաղաքական նպատակներին։

ԱՄՆ նախկին դիվանագետ Ահարոն Դևիդ Միլլերը նշել է, որ փետրվարին Իսրայելը ցուցաբերում էր «ծայրահեղ վստահություն» այն հարցում, որ ԱՄՆ և Իսրայելի համատեղ արշավը կհանգեցնի Իրանում ռեժիմի փոփոխության, ինչը ԿՀՎ-ում առաջացրել էր լիովին օրինաչափ թերահավատություն։ «Նեթանյահուն հաճախ ազատ է վարվում հետախուզական գնահատականների հետ՝ իր օրակարգն առաջ մղելու համար, հատկապես Իրանի և ՀԱՄԱՍ-ի նման դերակատարների հարցում», — ընդգծել է նա։

Chatham House-ի ամերիկա-իսրայելական հարաբերությունների փորձագետ, պրոֆեսոր Յոսի Մեքելբերգը կարծում է, որ ԿՀՎ-ն կարող էր օգտվել իրավիճակից՝ փորձելով վերադարձնել իր կորցրած ազդեցությունն այս պատերազմում մի շարք սխալ հաշվարկների ֆոնին, այդ թվում՝ Մինաբեում դպրոցին հարվածից հետո, որը խլել էր ավելի քան 170 երեխայի կյանք։

Այնուամենայնիվ, Մեքելբերգը նշել է, որ Թրամփի մոտ պահպանվում է Նեթանյահուի նկատմամբ «թուլություն»։ Այդ մասին վկայում է ԱՄՆ նախագահի լռությունը՝ ի պատասխան Գազայի վերաբերյալ իր խաղաղության ծրագրի իսրայելցի վարչապետի հրապարակային մերժման և պաղեստինյան պետականության հարցը քննարկելուց հրաժարվելու։

Փորձագետները համակարծիք են, որ Վաշինգտոնի վերաբերմունքը իսրայելական տվյալների նկատմամբ ենթարկվում է երկարաժամկետ փոփոխությունների։

Պրոֆեսոր Էնդրյու Մորանի խոսքով՝ իսրայելական հետախուզությունը երկար ժամանակ համարվում էր «ոսկե ստանդարտ», ուստի հատկանշական է, որ ամերիկացի պաշտոնյաները բացահայտորեն կասկածի տակ դրեցին դրա հավաստիությունը՝ միաժամանակ ձեռնարկելով նախազգուշական միջոցներ։ «Նախագահի տեղափոխումը նախազգուշական միջոց էր, որը հնարավոր չէր անտեսել... բայց գնահատականների վերաբերյալ հրապարակային կասկածը ցույց է տալիս, որ իսրայելական հետախուզության նկատմամբ վստահությունն այլևս անվերապահ չէ, և դա դառնում է կրկնվող մոտիվ հոկտեմբերի 7-ի ձախողումներից հետո»։

Source: https://news.am/hy/news/1055438