Մոսկվան Եվրոպայի համար դառնում է գնալով ավելի մեծ սպառնալիք․ Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հայտնվելը, Լեհաստանում ռուսական հրթիռի ընկնելը, Ռումինիայում դրոնի կործանումը և Բալթյան երկրների օդային տարածքի բազմակի խախտումները։ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար և ԿՀՎ-ի նախկին տնօրեն Լեոն Պանետտայի խոսքով՝ դրանք տագնապալի ազդակներ են այն բանի, որ Վլադիմիր Պուտինը համակարգված կերպով փորձարկում է Եվրոպայի պաշտպանունակությունը։

Bild-ին տված հարցազրույցում Պանետտան նույնիսկ թույլ է տվել Գերմանիայի տարածքում ռուսական ռազմական գործողությունների հնարավորությունը։ Ինչպես նշում է ԿՀՎ-ի նախկին ղեկավարը, Մոսկվան նախևառաջ ցանկանում է ստուգել, թե արդյոք Արևմուտքն իսկապես հավատարիմ է փոխադարձ պաշտպանության իր պարտավորություններին։ Ռուսաստանին պետք է հստակ հասկացնել, որ «ռազմական գործողությունները եվրոպական պետությունների դեմ անթույլատրելի են, որովհետև գործ ունենք բռնակալի հետ»։

Պանետտան Պուտինի ագրեսիայի երկու պատճառ է տեսնում․ Կրեմլի ղեկավարը հսկայական ճնշման տակ է Ուկրաինայում պատերազմի պատճառով, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ում եվրոպացի գործընկերների միջև լարվածությունը կարող է նրան էլ ավելի մղել նոր ճակատներ փնտրելու՝ ուշադրությունը շեղելու համար։

«Պուտինը արձագանքում է թուլությանը, և եթե նա այդ թուլությունը զգա ՆԱՏՕ-ում և ԱՄՆ-ում, կշարունակի սադրել և հարվածներ հասցնել», — նախազգուշացրել է Պանետտան։

Նա նաև կտրուկ քննադատում է Վաշինգտոնին՝ Ուկրաինայում պատերազմի հետ կապված՝ հայտարարելով, որ Թրամփը գործում է «երկիմաստ»։

«Այժմ Միացյալ Նահանգները պետք է անեն հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինային զենքով, ՀՕՊ համակարգերով և անհրաժեշտ աջակցությամբ ապահովելու համար», — ասում է Պանետտան։ Սակայն զենքի պակասի պատճառով ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ներկայում կարող են «միայն կանգնել և դիտել»։

Source: https://news.am/hy/news/1056029