Նոր հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ իշխանություններն իբր հայտնաբերել են արտաերկրային կյանքի չորս տարբեր տեսակների ներկայացուցիչների մնացորդներ, չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) և կառավարության տեղեկությունների հնարավոր կոծկման թեմայի շուրջ քննարկումների նոր ալիք են առաջացրել, հայտնում է Fox News-ը։
Նման պնդմամբ հանդես է եկել դոկտոր Հել Փութհոֆը՝ հետազոտող, որին նախկինում ֆինանսավորել է ԿՀՎ-ն, և Advanced Aerospace Weapon System Applications Program (AAWSAP) ծրագրի նախկին խորհրդականը։ Նա այդ հայտարարությունն արել է «The Diary of a CEO» փոդքասթում՝ «Age of Disclosure» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Դեն Ֆարրայի հետ միասին։
Փութհոֆը հայտարարել է, որ ենթադրյալ արտաերկրային քաղաքակրթությունների տեխնոլոգիաներն այնքան զարգացած են, որ նրանք կարող էին ամբողջությամբ թաքնվել մարդկանցից, եթե ցանկանային։ «Հաշվի առնելով նրանց տեխնոլոգիաների մակարդակը՝ եթե նրանք չցանկանային, որ իրենց տեսնեն, մենք ոչինչ չէինք նկատի։ Նշանակում է՝ ինչ-որ պատճառով նրանք ցանկանում են նկատված լինել»,- ասել է նա։ Փութհոֆը հավելել է, որ ՉԹՕ-ների դուրսբերման ծրագրերին մասնակցած մարդիկ իրեն պատմել են արտաերկրային կյանքի չորս տարբեր տեսակների մասին։
«Մարդիկ, որոնք մասնակցել են դուրսբերման գործողություններին, ասում էին, որ գոյություն ունի առնվազն չորս տեսակ,- հայտարարել է նա։ - Ես անմիջական մուտք չեմ ունեցել այդ տվյալներին, բայց ես վստահում եմ այն մարդկանց, որոնց հետ խոսել եմ»։
Թեև Փութհոֆը չի հստակեցրել մանրամասները, AAWSAP-ում նրա նախկին գործընկեր դոկտոր Էրիկ Դևիսն ավելի վաղ նշել էր արարածների չորս ենթադրյալ տեսակների մասին.
ՉԹՕ-ների վերաբերյալ տեսությունների կողմնակիցների պնդումներով՝ այս բոլոր արարածներն ունեն հումանոիդի կառուցվածք՝ երկու ձեռք և երկու ոտք։
Մարդկանց առավել նման են համարվում «նորդիկները»։ «Մոխրագույններին» սովորաբար նկարագրում են որպես մեծ աչքերով և անմազ փոքր արարածների։ Սողունակերպերը պատկերվում են որպես երկոտանի մողեսանման արարածներ՝ թեփուկներով և պոչով, իսկ միջատակերպերը՝ որպես աղոթարարներ հիշեցնող միջատանման կյանքի ձևեր։
Ո՛չ Փութհոֆը, ո՛չ էլ քննարկման մյուս մասնակիցները արտաերկրային կենսաբանական օբյեկտների գոյության որևէ հաստատված ապացույց չեն ներկայացրել։
Ընդսմին, թեման կրկին գրավել է ամերիկյան իշխանությունների ուշադրությունը՝ չբացահայտված անոմալ երևույթների (UAP) վերաբերյալ նյութերի շարունակական հրապարակումների ֆոնին։ Անցյալ շաբաթ Պենտագոնը հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթերի նոր խմբաքանակ՝ ՉԹՕ-ների մասին տեղեկությունների բացահայտման Թրամփի վարչակազմի ծրագրի շրջանակում։
Այս թեմայի նկատմամբ հետաքրքրությունն ուժեղացավ 2023 թվականին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզության նախկին աշխատակից Դևիդ Գրուշի ցուցմունքներից հետո։ Այն ժամանակ նա Կոնգրեսում հայտարարել էր, որ ամերիկյան իշխանություններն իբր տիրապետում են վթարի ենթարկված օբյեկտներից դուրս բերված «ոչ մարդկային կենսաբանական նյութերի»։
Սակայն ԱՄՆ կառավարությունն արտաերկրային կյանքի գոյության պաշտոնական հաստատումներ չի տրամադրել։
Source: https://news.am/hy/news/1038274
World
ԿՀՎ-ի նախկին խորհրդատուն հայտարարել է ԱՄՆ-ի՝ իբր հայտնաբերած «չորս տեսակի այլմոլորակայինների» մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։