Հանրապետական կուսակցության ներսում Դոնալդ Թրամփի դեմ աճող դժգոհությունը դուրս է հորդում։ Կուսակիցներն ահազանգում են. նախագահի սևեռվածությունն անձնական հավակնությունների և յուրահատուկ քաղաքական առաջնահերթությունների վրա խաթարում է հանրապետականների շանսերը Կոնգրեսի գալիք միջանկյալ ընտրություններում։

Սոցիոլոգիական հարցումները կայուն կերպով արձանագրում են դեմոկրատների առավելությունը։ Այսպես, The New York Times / Siena-ի վերջին հարցումը ցույց է տվել, որ գրանցված ընտրողների շրջանում Դեմոկրատական կուսակցությունն առաջ է անցնում Հանրապետականից 11 տոկոսային կետով (50% ընդդեմ 39%-ի)։

Չնայած դրան, վերջին ամիսներին Թրամփը միանգամայն անտարբեր է թվում իր կուսակցության ընտրական ճակատագրի նկատմամբ, գրում է Daily Beast-ը։

Նախընտրական մրցավազքի փոխարեն գործող նախագահն ամեն օր առաջ է մղում Սպիտակ տան՝ 400 միլիոն դոլար արժողությամբ խնջույքների նոր դահլիճի կառուցման նախագիծը։ Դրան զուգահեռ Թրամփը պատերազմ է սանձազերծել Իրանի հետ, ինչը հրահրել է էներգակիրների գների կտրուկ ցատկ։ AAA ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ում բենզինի միջին գինը գերազանցել է 4,50 դոլարը մեկ գալոնի դիմաց, իսկ յոթ նահանգներում հատել է 5 դոլարի սահմանագիծը։

Ընդ որում, Թրամփը համառորեն անտեսում է վառելիքի թանկության խնդիրը, թեև հարցումները ցույց են տալիս, որ կյանքի արժեքը և տնտեսության վիճակը մնում են գլխավոր թեմաներ ամերիկացի ընտրողների համար։

Բացի դրանից, հակառակ կուսակցական ռազմավարների նախազգուշացումներին, Թրամփն աջակցել է MAGA շարժման ծայրահեղ պահպանողական թեկնածուին՝ ընդդեմ Թեքսասից գործող հանրապետական սենատորի՝ վտանգի տակ դնելով կուսակցության համար ապահով աթոռը։ Եվս մեկ վիճելի քայլ դարձավ 1,8 միլիարդ դոլարի չափով հիմնադրամի գործարկումը՝ այն անձանց փոխհատուցելու համար, որոնց Թրամփն անվանում է «քաղաքական հալածանքների զոհեր», ներառյալ՝ հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի մասնակիցներին։

Հանրապետական սենատոր Թոմ Թիլիսը, որը չի ծրագրում վերընտրվել, խստորեն քննադատել է Թրամփի նոր հիմնադրամը՝ անվանելով այն «հիմարություն՝ խորանարդում»։ Այն բանից հետո, երբ Թրամփն իր Truth Social սոցցանցում Թիլիսին անվանեց «թույլ և անարդյունավետ տաղտկալի մարդ», սենատորը X ցանցում հակադարձեց. «Մեզ պետք է, որ հանրապետականները հաղթեն նոյեմբերին, բայց այս զառանցանքն ուղղակի սպանում է մեր շանսերը»։

Քաղաքական ստրատեգ Ուիթ Էյրսը The New York Times-ին տված հարցազրույցում նշել է, որ Թրամփը շեղվում է ավանդական հանրապետական օրակարգից. «Նախագահին ընտրել են տնտեսությունը խթանելու, գնաճը նվազեցնելու, անօրինական ներգաղթը կանգնեցնելու և «վոուք» (woke) մշակույթին վերջ դնելու համար։ Եթե նրա գլխավոր նպատակը Կոնգրեսի նկատմամբ վերահսկողության պահպանումը լիներ, նա չէր անի այն, ինչ անում է»։ 1,776 միլիարդ դոլարի հիմնադրամի ստեղծումն Էյրսն անվանել է «լկտիության բոլորովին նոր մակարդակ»։

Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմաս Մասին՝ կուսակցության ներսում Թրամփի առանցքային ընդդիմախոսներից մեկը, NBC News-ի եթերում նախազգուշացրել է, որ աշնանը հանրապետականները կհայտնվեն «խիստ խոցելի» վիճակում։ Ըստ նրա՝ կուսակցական ֆունկցիոներների և ընտրողների շրջանում աճում է «Հիասթափություն Թրամփից» համախտանիշը (TDS- Trump Disappointment Syndrome)։

«Թրամփը վանել է այն կոալիցիայի զգալի մասին, որն ի սկզբանե մեզ բերեց Սպիտակ տուն և մեծամասնություն ապահովեց Սենատում և Ներկայացուցիչների պալատում»,- հայտարարել է Մասին։ Նա նաև գրեթե կես միլիարդ դոլար արժողությամբ պարահանդեսային դահլիճի կառուցումն անվանել է «փողերի աղաղակող վատնում» այն ժամանակ, երբ շարքային ամերիկացիները հազիվ են ծայրը ծայրին հասցնում։

Ինքը՝ Մասին, անցյալ շաբաթ Կենտուկիի փրայմերիզում (նախնական ընտրություններում) պարտվել է նախկին «ծովային հետևակային» Էդ Գալրեյնին, որին ակտիվորեն աջակցում էր Թրամփը։ Նախագահը հարձակվել էր Մասիի վրա՝ Իրանում պատերազմը քննադատելու և «Էփշտեյնի գործը» բացահայտելու պահանջների համար։ Այնուամենայնիվ, Մասին ընդգծել է, որ Թրամփի հետ այս պառակտումը «հաստատ արժեր դրան»։

Սպիտակ տունը՝ ի դեմս մամուլի քարտուղար Օլիվիա Ուելսի, շտապել է հայտարարել, որ Թրամփը մնում է «Հանրապետական կուսակցության անառարկելի առաջնորդը և գլխավոր մոտիվատորը»՝ հիշեցնելով սահմանների անվտանգության և հարկերի նվազեցման ոլորտում նրա նախկին ձեռքբերումների մասին։

Սակայն շարքային հանրապետականները մնում են Թրամփի հեղինակության պատանդն իր ծայրահեղ աջ աջակիցների բազայի շրջանում։ Ինչպես CNN-ի եթերում նշել է դեմոկրատական ռազմավարության վետերան Դևիդ Աքսելրոդը, հանրապետական օրենսդիրները հայտնվել են ծուղակում։

«Ահա թե որն է հանրապետականների խնդիրը. նրանք չեն կարող գոյատևել կուսակցության ներսում առանց Դոնալդ Թրամփի, սակայն նրանք չեն կարող հաղթել համազգային ընտրություններում իրենց կուսակցությունից դուրս՝ Թրամփի հետ միասին։ Նա բացառիկորեն ժողովրդականություն չի վայելում երկրում, բայց պաշտելի է իր «ցեղի» կողմից։ Սակայն այդ ցեղը բավարար չէ ընտրություններում հաղթելու համար»,- եզրափակել է Աքսելրոդը։

Source: https://news.am/hy/news/1038284