Թեհրանում, որտեղ անցկացվում են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունները, հոգեհանգստի աղոթքին մասնակցող բազմամիլիոնանոց ամբոխը վանկարկում էր նրա մահվան համար վրեժ լուծելու պահանջով կոչեր, հաղորդում է Mehr-ը։

Կիրակի օրվա կենտրոնական միջոցառումը դարձավ հոգեհանգստի աղոթքը Թեհրանի Մեծ Մոսալլայում՝ երկրի ամենախոշոր կրոնական համալիրում, որտեղ, իրանական իշխանությունների տվյալներով, հավաքվել էին միլիոնավոր մարդիկ։ Դեռևս ժամեր առաջ՝ մինչև արարողության սկիզբը, համալիրի ներքին տարածքները ամբողջությամբ լցվել էին, իսկ հարակից փողոցները լեփ-լեցուն էին հավատացյալներով։

Արարողության ընթացքում հավաքվածները թափահարում էին վրեժխնդրության կոչերով պաստառներ և վանկարկում կարգախոսներ՝ պահանջելով պատժել նրանց, ում պատասխանատու են համարում Ալի Խամենեիի սպանության համար։

Հոգեհանգստի աղոթքն անցկացվում է Իրանի գերագույն առաջնորդի հետ շարունակվող համազգային հրաժեշտի արարողության շրջանակում։ Ալի Խամենեիի հետ միասին հիշատակում են նաև նրա ընտանիքի չորս անդամներին, որոնք զոհվել են նրա հետ միասին։

Source: https://news.am/hy/news/1047894