Գուամի և Հյուսիսային Մարիանյան կղզիների բնակիչները պատրաստվում են վերջին ամիսների ընթացքում արդեն երկրորդ սուպերթայֆունի մոտենալուն, որը սպառնում է ամերիկյան խաղաղօվկիանոսյան տարածքներին և ուղեկցվում է 5-րդ կարգին համարժեք փոթորկային ուժգնության քամիներով, հաղորդում է AFP-ն։
Թայֆունների մասին նախազգուշացման միացյալ կենտրոնի տվյալներով, «Բավի» ցիկլոնը գտնվում էր արշիպելագից մի քանի հարյուր կիլոմետր դեպի արևելք, իսկ կայուն քամու արագությունը հասնում էր 259 կմ/ժ-ի, պոռթկումները՝ 314 կմ/ժ-ի։ ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը տարածաշրջանի համար նախազգուշացրել է «մռայլ սցենարի» մասին և կոչ արել Գուամի ու Հյուսիսային Մարիանյան կղզիների բնակիչներին պատրաստվել առնվազն արևադարձային փոթորկի պայմաններին։
Մոտ 200 հազար բնակչություն ունեցող բնակավայրերում նկատվում է բարձր պատրաստվածություն․ բնակիչները պաշարում են վառելիք, սնունդ, ջուր և շինանյութեր՝ տները ամրացնելու համար։ Տեղական իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն, իսկ ձեռնարկություններն ու հյուրանոցները միջոցներ են ձեռնարկում ենթակառուցվածքները պաշտպանելու համար, այդ թվում՝ ամրացնում են պատուհաններն ու սարքավորումները։
Շատ բնակիչներ նշում են, որ տարածաշրջանը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել «Սինլակու» սուպերթայֆունից հետո, որը ապրիլին հարվածել էր կղզիներին և առաջացրել էր էլեկտրամատակարարման լայնածավալ խափանումներ, ավերածություններ և բնակչության տարհանում։ Տեղացիների վկայությամբ, ուժեղ փոթորկի կրկնակի մոտեցումը մեծացնում է հոգեբանական ծանրաբեռնվածությունը և բարդացնում վերականգնողական աշխատանքները։
Մասնագետները արևադարձային ցիկլոնների ուժեղացումը կապում են օվկիանոսների ռեկորդային տաքացման հետ, ինչը նպաստում է փոթորիկների էներգիայի և տեղումների ծավալի աճին։ Նշվում է նաև Էլ Նինյո կլիմայական երևույթի ազդեցությունը, որն արդեն սկսել է ձևավորվել Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածում և առաջիկա ամիսներին կարող է ուժեղացնել եղանակային անոմալիաները։
Source: https://news.am/hy/news/1047827