Տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ, ըստ ենթադրության, անցած ամիս Հյուսթոնի Ջորջ Բուշի անվան օդանավակայանում (ԱՄՆ) կեղծ նստեցման կտրոնով ներթափանցել է United Airlines ավիաընկերության չվերթ, ասվում է դատական փաստաթղթերում, հայտնում է NBC News-ը։
Հյուսթոնից 25-ամյա Աբդուլռահման Օրիյոմին ձերբակալվել է ուրբաթ օրը և մեղադրվել ծանր հանցագործության՝ կարևոր ենթակառուցվածքի օբյեկտի աշխատանքին միջամտելու մեջ, ասվում է Հարիս շրջանի (Տեխաս նահանգ) դատարանի նյութերից։
Քննության տվյալներով, մայիսի 18-ի առավոտյան տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նա C տերմինալում փորձել օգտագործել սխալներով նստեցման կտրոն։ Տրանսպորտային անվտանգության աշխատակիցների հետ շփումից հետո նրան թույլ են տվել անցնել ստուգումը։
Դրանից հետո նա մի քանի անգամ փորձել է անցնել United Airlines-ի չվերթներ, սակայն ամեն անգամ նրա նստեցման կտրոնը չի սկանավորվել։ Չնայած դրան՝ նա միացել է Լոս Անջելես մեկնող 469 չվերթի ուղևորների նստեցմանը և, ըստ ոստիկանության, միտումնավոր օգտվել է այն հանգամանքից, որ աշխատակիցները շեղված են եղել, ու անցել է ինքնաթիռ։
«Մեղադրյալ Օրիյոմին, մոտենալով նստեցման ելքին, սպասել է այն պահին, երբ աշխատակիցները զբաղված էին այլ ուղևորներով, ձևացրել է, թե ցույց է տալիս նստեցման կտրոնը, անցել է նրանց կողքով և ուղղվել դեպի տելետրապ», — ասվում է ոստիկանության նյութերում։
Ինքնաթիռում նա զբաղեցրել է միջանցքի մոտի նստատեղը, ապա գնացել է զուգարան և վերադարձել, մինչև իր տեղը զբաղեցրել է օրինական ուղևորը։ Դրանից հետո նա փորձել է թաքնվել ինքնաթիռի զուգարանում։
Սթյուարդները բազմիցս խնդրել են նրան նստել, սակայն նա շարունակել է վերադառնալ զուգարան և ներկայացել որպես «պարոն Լոպես»։ Ստուգումից հետո պարզվել է, որ ուղևորների ցուցակում նման ուղևոր չկա, և ինքնաթիռը վերադարձրել են ելքի մոտ։
Ուղևորներին և անձնակազմին տարհանել են, իսկ ինքնաթիռը ծառայողական շների օգնությամբ ստուգել են պայթուցիկ նյութերի առկայության համար։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է տղամարդու իրական ինքնությունը։ Ավիաընկերությունից հայտնել են, որ նրա ամրագրումը ավելի վաղ չեղարկվել էր չվճարելու պատճառով։
Չվերթը հետաձգվել է մոտ երեք ժամով։ Հաջորդ օրերին քննությունը հաստատել է, որ նստեցման կտրոնը կեղծ է եղել։
Օրիյոմին գտնվում է կալանքի տակ և պետք է երկուշաբթի ներկայանա դատարան՝ գրավի հարցի քննարկման համար։
Source: https://news.am/hy/news/1041833