Հորմուզի նեղուցում լարվածության էսկալացիան կանխելու համար կապի հատուկ ուղի է ստեղծվել, որն արդեն գործում է։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին։

«Այդ նպատակներով (հակամարտությունների կանխման համար) ստեղծվել է կապի ուղի, որն արդեն օգտագործվել է վերջին մի քանի օրերին տեղի ունեցած սրումը զսպելու համար։ Այդ կապուղին ստեղծված է և աշխատում է»,- ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հակամարտության կարգավորման մեխանիզմների մասին հարցին, ասել է նա։ Դիվանագետն այդ ուղու աշխատանքի տեխնիկական մանրամասները չի հայտնել։

Կատարի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Դոհան գործընկերների հետ քննարկում է Թեհրանի մասնակցությամբ տարածաշրջանային երկխոսություն անցկացնելու հնարավորությունը։ «Մենք աշխատում ենք տարածաշրջանային մեր գործընկերների հետ՝ քննարկելով, թե ինչպես հասնել այն կետին, երբ տարածաշրջանի երկրները, ներառյալ Իրանը, նպատակահարմար կգտնեն նստել բանակցությունների սեղանի շուրջ և բացահայտորեն քննարկել իրենց մտահոգությունները»,- նշել է ալ-Անսարին։

Source: https://news.am/hy/news/1046892