Ռուս հետազոտողների խումբն ուսումնասիրել է Կասպից ծովի և Ղարաբողազգոլ ծոցի մակերեսի կրճատումը 1993-2025 թվականների ընթացքում։ Ինչպես հայտնել են Ռուսաստանի գիտական հիմնադրամից (ՌԳՀ), կազմակերպության դրամաշնորհով իրականացված աշխատանքի արդյունքները հրապարակվել են «Երկրի տիեզերական հեռահար զոնդավորման արդի խնդիրները» գիտական ամսագրում:
Կասպից ծովի մակարդակը 1995 թվականից ի վեր շարունակաբար նվազում է՝ տարեկան մոտ 10 սմ արագությամբ։ Այս ժամանակահատվածում ցուցանիշն ընկել է գրեթե 3 մետրով։ Գիտնականները բարձր թույլատրելիության արբանյակային տվյալների վերլուծության հիման վրա մշակել են մեթոդաբանություն, որը թույլ է տվել ստանալ ժամանակակից հիպսոմետրիկ կորեր։ Դրանք կօգնեն գնահատել ջրային հայելու մակերեսի իրական կորուստները։ Այս տվյալներն անհրաժեշտ են ջրային հաշվեկշռի և ջրամբարի մակերևույթից գոլորշիացման ճշգրիտ հաշվարկման համար։
«Մեզ անհրաժեշտ էր 1993-2025 թվականների ընթացքում Landsat-5, -7 և -8 արբանյակային սենսորների՝ 30 մետր տարածական թույլատրելիությամբ տվյալների հիման վրա առանձին-առանձին ստանալ Կասպից ծովի և Ղարաբողազգոլ ծոցի ժամանակակից հիպսոմետրիկ կորերը։ Բացի այդ, ցանկանում էինք պարզել, թե իրականում որքանով է կրճատվել Կասպից ծովի մակերեսը և որ շրջաններում է Կասպիի ջրազրկումն ընթանում առավել լայնածավալ մասշտաբներով»,- պատմել է ՌԳՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար, ՌԳԱ Պ. Պ. Շիրշովի անվան Օվկիանոսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Անդրեյ Կոստյանոյը։
Ծնծաղումն արդեն իսկ հանգեցրել է տարածաշրջանի համար բացասական հետևանքների։ Մասնավորապես, Վոլգա-Կասպիական ծովային ջրանցքում և նավահանգիստներում ջրի մակարդակի անկման պատճառով դժվարացել է նավարկությունը, իսկ ափագիծն սկսել է հետ քաշվել բնակավայրերից։ Մասնագետների կանխատեսումներով՝ մինչև 21-րդ դարի վերջ ծովի մակարդակը կարող է նվազել ևս 2-ից մինչև 21 մետրով։ Նոր մեթոդաբանությունը թույլ կտա օպերատիվորեն գնահատել ծովի և ծոցի մակերեսի հետագա կրճատումը։
Մասնագետները վերլուծել են 1993-2025 թվականների տվյալները։ Պարզվել է, որ 2025 թվականին Կասպից ծովի մակարդակն իջել է մինչև -29,4 մետրի նիշը։ Այս ցուցանիշն ավելի ցածր է, քան 1977 թվականի պատմական նվազագույնը, երբ ծովի մակարդակը կազմում էր -29,0 մետր։ Գիտնականները պարզել են, որ 1996-2025 թվականներին Կասպից ծովի հայելու մակերեսը կրճատվել է 28,644 քառակուսի կիլոմետրով, ինչը կազմում է 30 տարի առաջվա ցուցանիշների 7,4%-ը։ Փորձագետների եզրակացության համաձայն՝ վերջին տասնամյակների ընթացքում Կասպից ծովը կորցրել է մի տարածք, որն իր չափերով համադրելի է Ալբանիայի տարածքի հետ։
Աշխատանքի ընթացքում հետազոտողները ստացել են բարձր վիճակագրական կապով ռեգրեսիայի հավասարումներ (կորելյացիայի գործակիցները՝ 0,95–0,99)։ Գիտնականները խորհուրդ են տալիս դրանք կիրառել Կասպից ծովի մակերեսի հաշվարկման համար՝ -26-ից մինչև -29 մետր մակարդակների դեպքում, ինչպես նաև Ղարաբողազգոլ ծոցի վիճակի գնահատման համար՝ -27,1-ից մինչև -31 մետր մակարդակների միջակայքում։
«Ստացված արդյունքները կարևոր նշանակություն ունեն այսպես կոչված մորֆոմետրիկ գործոնի և Կասպից ծովի ջրային հաշվեկշռում դրա դերի գնահատման համար։ Մասնավորապես՝ մակարդակի անկմանը զուգընթաց ծովի կրճատվող հայելուց գոլորշիացման նվազման հարցում։ Այս գործոնը, հավասար պայմանների դեպքում, պետք է դանդաղեցնի ծովի մակարդակի անկման արագությունը»,- աշխատանքի արդյունքները մեկնաբանել է Կոստյանոյը։
Այնուամենայնիվ, արբանյակային ալտիմետրիայի տվյալները դեռևս չեն հաստատում գործընթացի դանդաղումը։ Եթե 2005-2019 թվականներին ծովն ամեն տարի կորցնում էր միջինում 8,16 սմ մակարդակ, ապա 2020-2024 թվականներին այդ արագությունն աճել է՝ տարեկան հասնելով 22,7 սանտիմետրի։ Կոստյանոյի խոսքով՝ Կասպից ծովի ջրային հաշվեկշռի բաղադրիչների միջտարեկան փոփոխականությունը դեռևս զգալիորեն գերազանցում է գոլորշիացման մակերեսի կրճատումից ստացվող էֆեկտը։
Source: https://news.am/hy/news/1049894