Կանադան և ԱՄՆ-ն կապող նոր միջազգային կամուրջը երթևեկության համար կբացվի հուլիսի 27-ին, հայտնել են երկու երկրների իշխանությունները։ Խոսքը Գորդի Հոուի անվան կամրջի մասին է, որը միմյանց է կապում կանադական Օնտարիո նահանգի Վինձոր քաղաքը և ամերիկյան Դետրոյթը, հաղորդում է AFP-ն:

Կանադայի ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ օբյեկտի բացման որոշումը համաձայնեցվել է Միչիգան նահանգի իշխանությունների հետ՝ ԱՄՆ կառավարության աջակցությամբ։ Գերատեսչության փոխանցմամբ՝ կամուրջը կդառնա երկու երկրների միջև կարևոր տրանսպորտային ու տնտեսական օղակ և տասնամյակներ շարունակ կնպաստի առևտրի զարգացմանը։

6,4 միլիարդ կանադական դոլար (մոտ 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար) արժողությամբ կամրջի շինարարությունը սկսվել է 2018 թվականին։ Դրա գործարկումն ավելի վաղ հետաձգվել է ամերիկյան կողմի պահանջով՝ այսպես կոչված տեխնիկական խնդիրների պատճառով։

Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է արգելափակել կամրջի բացումը՝ պնդելով, թե Միացյալ Նահանգներն իբր անարդար պայմաններ է ստացել նախագծի իրականացման ժամանակ։ Նա պահանջել է, որ օբյեկտն առնվազն կիսով չափ պատկանի ԱՄՆ-ին։

Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ իրեն հաջողվել է Ամերիկայի համար «ավելի լավ գործարք» կորզել, և ողջունել է կամրջի բացումը։

«Ինձ հաջողվեց Ամերիկայի համար շատ ավելի ձեռնտու համաձայնություն ձեռք բերել, և դրա շնորհիվ Գորդի Հոուի անվան հոյակապ նոր միջազգային կամուրջը կբացվի հուլիսի 27-ին՝ ինչպես և պլանավորված էր», — Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

Վինձոր-Դետրոյթ կամրջի տնօրինության տվյալներով՝ թեև նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվել է Կանադայի կողմից, սակայն օբյեկտը լինելու է Կանադայի և Միչիգան նահանգի համատեղ սեփականությունը։

Կամուրջն անվանվել է կանադացի լեգենդար հոկեյիստ, «Detroit Red Wings» ակումբի նախկին խաղացող Գորդի Հոուի պատվին։ Նախագիծը մտահղացվել էր որպես երկու հարևան երկրների միջև սերտ կապերի խորհրդանիշ։

Source: https://news.am/hy/news/1049255