Շաբաթ օրը Կամբոջայում տեղի ունեցած երկու ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կարի ֆաբրիկայի առնվազն 14 աշխատակից է զոհվել, ևս 93-ը՝ հիմնականում կանայք, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է Associated Press գործակալությունը։
Հագուստի արտադրությունը Կամբոջայի արտահանման հիմնական աղբյուրն է, իսկ էժան աշխատուժը՝ դրա մրցակցային առավելությունը։ Աշխատավարձը, ներառյալ արտաժամյա աշխատանքը, սովորաբար կազմում է ամսական 200-300 դոլար։
Առաջին վթարը տեղի է ունեցել Կամպոնգ Չնանգ նահանգում՝ Պնոմպենից մոտ 60 կիլոմետր դեպի հյուսիս ընկած տարածքում. ծանրաբեռնված բեռնատարը բախվել է բաց թափքով այն մեքենային, որով աշխատողներին տեղափոխում էին ֆաբրիկա։
Աշխատանքի նախարարության հայտարարության համաձայն՝ այս պատահարի հետևանքով ինը մարդ է զոհվել, 53-ը՝ վիրավորվել։ Երկրորդ վթարը տեղի է ունեցել հարավարևելյան Սվայ Ռիենգ նահանգում, որը նույնպես Կամբոջայի կարի արդյունաբերության հիմնական կենտրոններից է։
Աշխատողներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս 40-ը՝ վիրավորվել։ Նշենք, որ բաց թափքով բեռնատարներն աշխատողների համար հասանելի ամենատարածված փոխադրամիջոցն են։
Դրանցում հաճախ չկան նստատեղեր կամ նստարաններ, ինչի պատճառով ուղևորները ստիպված են լինում ոտքի վրա երթևեկել, իսկ դա զգալիորեն մեծացնում է վնասվածքներ ստանալու կամ զոհվելու ռիսկը։ Աշխատանքի նախարարությունը հայտարարել է, որ «խորապես ցնցված է միաժամանակ տեղի ունեցած երկու սոսկալի ճանապարհատրանսպորտային պատահարներից», և կոչ է արել խստորեն պահպանել երթևեկության կանոնները՝ նման դեպքերը կանխելու համար։
Տրանսպորտի նախարարության զեկույցում նշվում է, որ 2025 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 1467 մարդ։ Սա վթարներից մահացության ամենատարածված պատճառն է Կամբոջայում։
Կամբոջայի առևտրի նախարարության տվյալներով՝ հագուստի, կոշիկի և ճամփորդական պարագաների արտադրություն ներառող կարի արդյունաբերության ոլորտում զբաղված է 800,000-ից 1 միլիոն մարդ՝ շուրջ 1900 ֆաբրիկաներում, իսկ անցյալ տարի այս արտադրանքի արտահանման ծավալը կազմել է ավելի քան 15,5 միլիարդ դոլար։
Source: https://news.am/hy/news/1037770
World
Կամբոջայում տեղի ունեցած երկու վթարների հետևանքով կարի ֆաբրիկայի 14 աշխատակից է զոհվել. վիրավորվել է 93 մարդ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։