Հյուսիսային Կալիֆորնիայում քննիչները Miranda’s Rescue Animal Sanctuary ապաստանի տարածքում հայտնաբերել են քայքայման տարբեր փուլերում գտնվող 117 շների աճյուններ, որը ներկայանում էր որպես «առանց էվթանազիայի ապաստան», հայտնում է BBC News-ը։
Հումբոլդտ շրջանի շերիֆի գրասենյակի տվյալներով, կենդանիների զգալի մասի մոտ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ։
Քննիչները պեղումներ էին անցկացնում տարածքի բաց հատվածներում, որտեղ, ենթադրաբար, կարող էին գտնվել կենդանիների զանգվածային թաղումներ։ Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է նաև մոտ 600 շների վզկապ։
Հետաքննությունը սկսվել է ապրիլին՝ ապաստանից կենդանիների նկատմամբ հնարավոր դաժան վերաբերմունքի, խարդախության և հարյուրավոր կենդանիների անհետացման մասին հաղորդումներից հետո։ Շերիֆ Ուիլյամ Հոնսալը հայտնել է, որ 2025 թվականի սկզբից ապաստան է ընդունվել մոտ 900 կենդանի, սակայն նոր տերերին փոխանցելու միայն 116 դեպք է գրանցվել, իսկ ավելի քան 700 կենդանի մնացել է չհաշվառված։
Ավելի ուշ, մոտ 20 հեկտար տարածքում կատարված խուզարկությունների ընթացքում, հայտնաբերվել են շների աճյուններ, այդ թվում՝ 21 գանգ և հարյուրավոր ոսկրային բեկորներ։ Քննիչները նաև թաղման վայրերի մոտ գտել են վեց միկրոչիպ։
Իշխանությունների տվյալներով, 70 մարմին ենթարկվել է ռենտգեն հետազոտության, և դրանցում հայտնաբերվել են գնդակների բեկորներ։ Նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ շատ կենդանիների մահվան պատճառ կարող էին լինել հրազենային վնասվածքները։
Քննությունը նաև հայտնել է գոմի հայտնաբերման մասին, որը, նրանց վարկածով, կարող էր օգտագործվել կենդանիներին սպանելու համար։
Ապաստանի սեփականատեր Շենոն Միրանդան մերժում է մեղադրանքները և պնդում, որ կազմակերպությունը «առանց էվթանազիայի ապաստան» է՝ հայտարարելով, որ էվթանազիան կիրառվել է միայն բացառիկ դեպքերում՝ անբուժելի հիվանդությունների կամ մարդկանց և այլ կենդանիների համար վտանգի առկայության դեպքում։
Ոստիկանությունն ընդգծում է, որ հետաքննությունը շարունակվում է, ուսումնասիրվում են միկրոչիպերը և այլ ապացույցներ։ Այս պահին պաշտոնական մեղադրանքներ դեռ չեն առաջադրվել։
Source: https://news.am/hy/news/1046412