ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, որը վերջին տարիներին դարձել է նախագահ Դոնալդ Թրամփի ամենախիստ քննադատներից մեկը, մտադիր է ընդունել իր մեղքը գաղտնի փաստաթղթերի հետ անփույթ վարվելու գործով։ Դրա մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բոլթոնը ծրագրում է իրեն մեղավոր ճանաչել ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկություններ պարունակող նյութերի ապօրինի պահպանման մեկ դրվագով, ինչպես նաև համաձայնել է վճարել ավելի քան 2 միլիոն դոլար տուգանք։

Դատական փաստաթղթերը ցույց են տալիս, որ Բոլթոնը պետք է դատարան ներկայանա հունիսի 26-ին՝ գործով իր դիրքորոշումը փոխելու համար։ Միևնույն ժամանակ, նրա ապագա դիրքորոշումը դատարանի նյութերում պաշտոնապես դեռևս արձանագրված չէ։

Ավելի վաղ՝ 2025 թվականի հոկտեմբերին, նա չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։

Բոլթոնը Թրամփի նախագահության առաջին ժամկետում զբաղեցրել է նրա վարչակազմի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, սակայն հետագայում դարձել է նրա հրապարակային քննադատը։ 2024 թվականին հրատարակված իր հուշագրերում նա հայտարարել էր, որ Թրամփը պիտանի չէ նախագահի պաշտոնի համար։

Մեղադրական կողմի վարկածով՝ Բոլթոնը գաղտնի տեղեկություններ է փոխանցել իր երկու հարազատներին՝ ենթադրաբար գիրք պատրաստելիս օգտագործելու համար, ներառյալ՝ հետախուզական ճեպազրույցների և բարձրաստիճան պաշտոնյաների ու օտարերկրյա առաջնորդների հետ հանդիպումների մասին գրառումներ։

Նրան մեղադրանք է առաջադրվել 18 դրվագով, որոնք առնչվում են ազգային պաշտպանության մասին տեղեկությունների փոխանցման և պահպանմանը, դրանց թվում՝ լրտեսության մասին օրենքի դրույթներով։

Source: https://news.am/hy/news/1040950