Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավարտել են Հորմուզի նեղուցի ականազերծման բազմազգ առաքելությունը ղեկավարելու ծրագրերի նախապատրաստումը, որը կարող է տեղակայվել մի քանի օրվա ընթացքում՝ ռազմավարական ջրային ուղով նավագնացությունը վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագրից հետո, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով քննարկումների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ գործողությանը կարող է մասնակցել շուրջ 15 երկիր, որոնք արդեն համաձայնել են տրամադրել զինվորական անձնակազմ և տեխնիկա։
Ուժերի հիմնական տեղակայումը ծրագրվում է սկսել Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության հասնելուց հետո, ինչը պետք է վերականգնի ազատ առևտրային նավագնացությունը և պայմաններ ստեղծի տարածաշրջանում ռազմական ստորաբաժանումների անվտանգ ներկայության համար։
Իրավիճակը համաշխարհային առևտրային առանցքային միջանցքներից մեկում մնում է լարված. նավագնացությունը գրեթե դադարեցված է Պարսից ծոցի շրջանում ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին բախումների և լարվածության թուլացման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիր համաձայնեցնելու փորձերի հետնապատկերին։
Ըստ աղբյուրների՝ մի շարք երկրների ռազմական պլանավորողներն արդեն ավարտել են նեղուցն ականներից մաքրելու գործողության նախապատրաստական աշխատանքների զգալի մասը, որոնք, ինչպես պնդում են, հնարավոր է տեղադրել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները։ Միևնույն ժամանակ, պահպանվում է լրացուցիչ տեխնիկայի, մասնավորապես՝ աջակցող նավերի անհրաժեշտությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առևտրային նավագնացության համար ականների սպառնալիքը, իր գնահատմամբ, արդեն մեծապես վերացված է։ Մինչդեռ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարում էր, որ Իրանը, ընդհակառակը, իբր ականապատել է նեղուցի զգալի հատվածներ։
Ծրագրվող առաքելությունը, ինչպես նշվում է, կդառնա արևմտյան երկրների՝ Պարսից ծոցում իրավիճակը կայունացնելու ջանքերի մի մասը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագրից հետո։ Մեծ Բրիտանիան արդեն տարածաշրջան է ուղարկել RFA Lyme Bay նավը, որը հագեցած է ականների հայտնաբերման և վնասազերծման համակարգերով։
Source: https://news.am/hy/news/1040962