ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկրի անկախության 250-ամյակի առիթով ունեցած ելույթի ժամանակ ամերիկացիներին կոչ է արել հրաժարվել իրենց երկրի և հասարակության «երկչափ» ընկալումից, որի դեպքում ուշադրությունը կենտրոնացվում է բացառապես թերությունների կամ, ընդհակառակը, բացառապես ձեռքբերումների վրա, հայտնել է NBC News-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում ժամանակակից հանրային խոսույթում հաճախ հնչում են տեսակետներ, որոնցում «մարդիկ եռանդագին խոսում են ոչ թե ազգային մեծության, այլ մեր անկատարությունների մասին», սակայն նման մոտեցումը, ինչպես ընդգծել է նա, սխալ է։
«Նրանք կխոսեն անօգնականների և զրկվածների մասին։ Նրանք ձեզ կասեն, որ Ամերիկան պարզապես ևս մեկ երկիր է, որտեղ թույլերը պայքարում են ուժեղների դեմ», — նշել է Վենսը։
Նա հայտարարել է, որ իրականության նման մեկնաբանությունը սխալ է։
«Նրանք սխալվում են… նրանք չեն հասկանում, որ մեզանից յուրաքանչյուրն ունենում է մեծ ուժի պահեր՝ չնայած միանգամայն իրական այդ անկատարություններին, որ մեզանից յուրաքանչյուրի ներսում ապրում են և՛ զոհերը, և՛ հերոսները», - նշել է ԱՄՆ փոխնախագահը։
Վենսը նաև կոչ է արել հրաժարվել քաղաքացիներին որպես «երկչափ» կերպարներ ընկալելուց և երկրին չնայել պարզեցված գնահատականների պրիզմայի միջով։ Նրա խոսքով՝ Ամերիկան «զրոյական գումարի» հասարակություն չէ, որտեղ ոմանց հաջողությունը հնարավոր է միայն ուրիշների հաշվին։
«Մերժե՛ք ձեր երկրի նկատմամբ այն հայացքը, որը տեսնում է միայն նրա մեղքերը, բայց չի տեսնում նրա շնորհն ու մեծությունը», — ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։
Source: https://news.am/hy/news/1047856